Այս էջը սրբագրված է

փոխարինելու մասին, այլ սոսկ տարածաշրջանում 1914թ.-ից առկա պատերազմական իրավիճակին վերջ տալու մասին (...to bring to a final close the state of war which has existed in the East since 1914...): Այսինքն, Լոզանի պայմանագիրը վերաբերում է Մուդրոսի զինադադարը (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարող քեմալականների անօրինական ռազմական գործողությունները դադարեցնելուն: Սա փաստվում է նաև Լոզանի պայմանագրի 1-ին հոդվածով, որը խոսում է խաղաղության ոչ թե հաստատման, այլ վերահաստատման մասին (...the state of peace will be definitely re-established ...):

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ միջազգային իրավունքը հստակորեն տարբերակում է պատերազմ (war) և պատերազմական իրավիճակ (state of war) հասկացությունները: Միայն ինքնիշխան երկրներն իրավունք ունեն մղելու պատերազմ. մնացած զինված բախումների (armed conflicts) դեպքում այն բնորոշվում է որպես պատերազմական իրավիճակ: Լոզանի պայմանագրի մեջ Բարձր պայմանավորվող կողմերը հստակորեն արտահայտել են իրենց քաղաքական կամքն առ քեմալականները. վերջիններս չեն ճանաչվել որպես պետության օրինական ներկայացուցիչներ, այլ նրանց շնորհվել է միայն կռվող կողմ լինելու կարգավիճակը (recognition of belligerency):

Ուրիշ բան, որ Լոզանի պայմանագիրը վերատեսության է ենթարկել 1919-1922թթ. ռազմական գործողություններին ուղղակի կամ անուղղակի մասնակից մի շարք երկրներին առնչվող դրույթներ, որոնց անդրադարձել էր նաև Սևրի պայմանագիրը: Միջազգային իրավունքը չի արգելում նոր պայմանագրի կնքումը նախկինում կնքված պայմանագրի դրույթների փոփոխմամբ կամ բազմակողմ պայմանագրի նորափոխումը (modification) պայմանագրին մաս կազմող 2 և ավելի կողմերի անունից: Սակայն միանշանակ է, որ նոր պայմանագիրը, ինչպես ամեն մի պայմանագիր, կարող է վերաբերել միմիայն տվյալ պայմանագրին մաս կազմող կողմերին, իսկ պայմանագրի նորափոխումները կարող են վերաբերել միայն նորափոխումների մասնակիցներին և չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այլ երկրների իրավունքների և պարտավորությունների վրա:

Դեռևս XIX դ. կեսերից միջազգային իրավունքը զարգացրել էր հստակ դիրքորոշում՝ պայմանագրի ոչ մի փոփոխություն կամ նորափոխում չի կարող լինել իրավականորեն վավերական առանց նախկին պայմանագրի բոլոր կողմերի մասնակցության: Լոնդոնի