Այս էջը սրբագրված է

Հարցի անգամ հպանցիկ քննումն ակնհայտ է դարձնում այն, որ միջազգային իրավունքի տեսանկյունից, երբեք չի եղել «ՀՍՍՀ» պետություն, հետևաբար չի եղել միջազգային իրավունքի նման սուբյեկտ: Պետության ճանաչումը մեկ այլ պետության կողմից վճռորոշ նշանակություն ունի պետության կայացման գործում: ՀՍՍՀ-ն իր գոյության և ոչ մի հատվածում երբեք ճանաչված չի եղել որևէ օրինական ճանաչում ունեցող պետության լիազոր իշխանությունների կողմից: ՀՍՍՀ-ի, այսպես կոչված, ճանաչումները չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից:

Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից: Օրինակ, 1920թ.-ին սովետական կառավարությունը ճանաչեց Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չընդունվեց Դաշնակից ուժերի կողմից, այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէր: Աբխազիայի կողմից Օսեթիայի ճանաչումը, կամ հակառակը, չի առաջացնի իրավական հետևանք, քանի որ ճանաչող կողմն իր հերթին դեռ չունի միջազգային իրավական ճանաչում: Առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսանկյունից գոյություն չունեն, հետևաբար որևէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին և այլն) չեն կարող ծավալել:

Կանխելով այն շահարկումները, թե իբր ՀՍՍՀ-ն անկախ երկիր էր, քանի որ այդպես էր գրված մի շարք ներքին օգտագործման փաստաթղթերում (օրինակ՝ ՀՍՍՀ կամ ԽՍՀՄ սահմանադրություններում)՝ անհրաժեշտ է ընդգծել, որ միջազգային իրավունքում միակողմանի իրավական փաստաթղթերը (unilateral legal acts), ինչ ձևով էլ դրանք արտահայտված լինեն (հռչակագրերի, հայտարարագրերի, սահմանադրությունների և այլն), չեն կարող շնորհել ավելի շատ իրավունքներ, քան դա հասնում է ըստ միջազգային իրավունքի:

Ընդհանրապես, միջազգային իրավունքը շատ հստակ է պետականության հարցում: Մասնավորապես, Մոնտեվիդեոյի Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին 1933թ. կոնվենցիայի (Convention on Rights and Duties of States, Montevideo, 1933) 1-ին հոդվածն ամրագրում է պետականության 4 չափորոշիչները, որոնք պարտադիր են միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու համար: