Այս էջը սրբագրված է

որ, ըստ միջազգային օրենքի, պայմանագրերը կատարվում են ամբողջության մեջ. պայմանագրի մասնակիցներից մեկի կողմից հանձնառությունների չկատարումն ազատում է մյուս կողմին հանձնառությունների կատարումից: Պայմանագիրը փոխադարձ պայմանավորվածության արդյունք է, հետևաբար, եթե Լոզանի պայմանագիրը ստորագրած կողմերից մեկը (Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան և Հունաստանը) ճանաչել է Թուրքիայի Հանրապետությունը, նրա արևմտյան ու հարավային սահմանները, ապա մյուս կողմը (Թուրքիան) դրա դիմաց ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ մասնավորապես 37-44 հոդվածների մեջ ամրագրված ազգային փոքրամասնության իրավունքների հարգումը: Հետևաբար, չկատարելով իր ստանձնած պարտավորությունները, Թուրքիան հարցականի տակ է դնում Լոզանի ողջ պայմանագրի վավերականությունը: Պայմանագրերի օրենքի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան (Vienna Convention on the Law of Treaties, 1969) միանշանակ է այդ հարցում. «Հոդված 60, 2. Բազմակողմ պայմանագրի մասնակիցներից մեկի կողմից պայմանագրի կոպիտ խախտումը իրավունք է տալիս. (ա) մյուս մասնակիցներին, միաձայն համաձայնությամբ, կասեցնել պայմանագրի գործունեությունը ամբողջությամբ կամ մասամբ, կամ լիովին դադարեցնել այն»:

Այսու, թուրքական իշխանությունների կողմից հայկական հուշարձանների նպատակային ավիրումը սոսկ բարոյականության հարց չէ, այլ միջազգային հանձնառությունների կոպիտ խախտում: Մեկ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը չի կարող փարատել Թուրքիայի Հանրապետության կողմից Լոզանի պայմանագրի հետևողական, բազմակի և շարունակվող ոտնահարումների փաստը:

01 օգոստոսի, 2007թ.