Այս էջը հաստատված է

Օ՛, որքան մոտ են սրտիս լարերին
Երկինքը դժնին, մռայլ, ամպամած,
Մրրկածուփ ծովն՝ ահեղ, մթնագին,
Գոռ փոթորիկը՝ ամեհի, անսանձ...

Օ՛, որքան վեհ է օվկիանը ազատ,
Հորձանքը հզոր, կայծակը ուժեղ,
Փոթորիկ, մրրիկ, մռայլ անապատ,
Շռնդադղորդ որոտը ահեղ...

Օ՛, որքան վեհ է տարերքը հուժկու,
Երբ ծովն ու երկինք գոտեմարտում են,
Թե՛ շանթ, թե՛ կայծակ ահեղ, ահարկու
Արյուն֊աշխարհը շանթահարում են...

Օ՛, որքան մոտ են սրտիս լարերին
Խրոխտ բողոքը աշխատավորի,
Արդար պահանջը, քանց որոտ ուժգին,
Ջլուտ բռունցքը՝ վե՛հ, սպառնալի՛...