Այս էջը հաստատված է
ՄԱՆԿԱՆ
Դու մի՛ հարցընի պատճառը վշտիս,
Թե ինչո՞ւ համար ծեր եմ դեռահաս.
Հոգիդ չգիտե մի այլ կյանք ուրիշ
Բացի գարունից... հետո՛ կիմանաս...
Դու մի՛ հարցընի՝ ինչո՞ւ են մռայլ
Խոր ակոսները ճակատիս նստել,
Ինչի՞ց եմ այդպես մահագույն, անփայլ,
Դեմքըս՝ անժպիտ, հայացքըս՝ գիշեր...
Ա՜խ, մի՛ հարցընի... թե չէ կտխրես,
Հոգուդ գարունը աշուն կդառնա.
Այդ արև-հոգիդ. ահա՛ իմը տես՝
Մոխիր ու մռայլ... ա՜խ, ժպտա՛, ժպտա՛...
1908, դեկտեմբեր