Այս էջը հաստատված է

ՇՈՊԵՆԻ «ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԳ»–ԻՑ

Հեռվում մռայլվեց հորիզոնն անամպ,
Սև, խորհրդավոր մութն է թանձրանում.
— Թվում է՝ մեկը համր տխրությամբ
Կմախք ձեռներով մի վիհ է փորում...

Աշնան ամայի դաշտերի վրա
Լալիս է հողմը աղեխարշ, տրտում.
— Թվում է՝ մեկը մի մուրճով հսկա
Խոլ հարվածներով դագաղ է շինում...

Լերկ ուռիները անորոշ շարքով
Մահաբույր քամուց դոդում են, կծկվում.
— Թվում է՝ մթնում դանդաղ քայլերով
Մերկ մեռելները դագաղ են տանում...

Հեռվում մի խենթ բու լացեց հիասթափ,
Աստղերը դժկամ ժպտով դալկացան,