Այս էջը հաստատված է

― Չկա Բարզանին…

― Զոհվել է Տիտալը…

Ու գնում, գնու՜մ էին լավագույնները, իրենց ջահել կյանքն էին նվիրաբերում Արցախին, սուրբ նպատակին.

― Զոհվել է Ուսըվը…

― Չկա Սաբրին…

― Զոհվել է Ռաշիդը…

― Անհետ կորել է Կոտիևը…

― Ղուլիխանը չկա այլևս…

Ու այսպես շարունակ…

Եզդի ժողովրդի երեսունից ավելի զավակներ իրենց կյանքն ավարտեցին ջահել հասակում, նրանցից շատերը չհասցրին ամուսնանալ, զավակներ ունենալ, տուն ու տեղ դնել…

Ճակատագիրն անողոք գտնվեց նրանց նկատմամբ, կռիվը խլեց նրանց մատաղ կյանքը։

Արցախից Հայաստան էին բերվում զոհված ազատամարտիկները։ Նրանցից երեքի՝ Իսմայիլ Շարոյանի (Իսո), Թեմուր Զեյդինյանի, Գագիկ Հաջոյանի աճյունները հողին հանձնվեցին Եռաբլուրում Արցախամարտի զոհերի պանթեոնում։ Հետագայում, Հայաստանի անկախության 7-րդ տարեդարձի առթիվ, դեպի Եռաբլուր գնացող ճանապարհին կառուցվեց Հաղթակամար, որ խորհրդանշում էր զոհված ազատամարտիկների հաղթանակը, անմահությունն ու փառքը։

Եզդի ժողովուրդն այղ Հաղթակամարը իրավամբ համարում է նաև իր զավակների հաղթանակի ու հերոսության վկայականը, որի կամարի տակով անցնելով այցի է գնում հերոսների շիրիմներին, որոնց վրայից չեն պակասում անթառամ ծաղիկները։

Իհարկե, Արցախյան հերոսամարտից հարյուրավոր եզդիներ վերադարձան հաղթանակով, յուրաքանչյուրը շարունակեց իր գործը՝ պարտքը կատարած մարդու վստահությամբ։ Նրանցից շատերը տուն վերադարձան հաշմանդամ դարձած, խեղանդամված, վիրավորված։

Վիրավորված տուն վերադարձան Ուսուբե Աթերը, Մշիրե Խուդեդան, Ալիկ Թամոյանը և շատ ու շատ ուրիշներ։ Ասյա Խատոյանը տուն վերադարձավ մի ոտքը ռազմաճակատում կորցրած։ Մի ձեռքը վիրավորված ռազմաճակատից տուն վերադարձավ նաև Թոսուն Ասոյանը։ Ո՞րը թվել։

Դեռևս 1992 թվականի հոկտեմբերի 24-ին Եզդիների ազգային միության նախագահությունը սահմանել էր «Եզդի ժողովրդի ազգային հերոս» պատվավոր կոչումը։ Մինչև 2000 թվականը այդ կոչմանն արժանացավ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը։ Հետագայում այդ պատվավոր կոչմանն արժանացան նաև