Այս էջը հաստատված է

1.

Հայոց պատմության նախաքրիստոնեյական կամ հեթանոսական դարերում մենք, ճիշտ է, տեսնում ենք կղերի ուժեղ և իր հարստություններով խիսա հեղինակավոր կազմակերպություն, բայց նյութ չունենք դատելու համար, թե պաշտամունքի սեփականատեր լինելուց ավել՝ ի՞նչ էր նա, պետական ի՞նչ հանձնառություններ էր կատարում։ Իհարկե, քրմական դասակարգը, իբրև միակ գրագետ տարրը պետության մեջ, պիտի խոշոր մասնակցություն ունենար ներքին և արտաքին հարաբերությունների մեջ։ Բայց հարցը գրագրի, կամ հին պաշտոնակոչումով՝ դիվանադպրի մասին չէ, այլ լիազոր հրամանատարի մասին։ Շատ հավանական է թվում, վոր հեթանոս կղերը պետության ճակատագիրը անկախաբար և միանձնորեն վարելու արտոնության տեր չէր։ Հայաստանի մեջ, ինչպես նաև առհասարակ հեթանոսական աշխարհում, թագավորող անձը կամ տոհմը միացնում էր իր մեջ և քրմապետությունը, հետևաբար մեհյանի ազատ և ինքնամփոփ աշխարհավարության մասին խոսք լինել չի կարող։ Հայ հեթանոս կղերը քաղաքական իշխանության հլու հպատակ է յեղել և այս ապացուցում են քրիստոնեյության մուտքի առաջին դարում գործած մի շարք հոգևորականներ, վորոնք նախկին քուրմեր եյին կամ քրմական սերունդներ։ Խոսել, ուրեմն, հայոց պատմության այս առաջին շրջանի, հեթանոսականի մասին, կարիք չկա մեր այս նյութի տեսակետից։

Մեզ մատչելի բոլոր տվյալները միաբան թելադրում են, թե հայ կղերական դիվանագիտությունը մեկն է այն արդյունքներից, վոր տվեց հայ ժողովրդին չորրորդ դարը, ավատական հեղաշրջման այն չափազանց նշանավոր ժամանակաշրջանը, վոր սահմանաբաժան դարագլուխ է ներկայացնում տնտեսական յերկու խոշոր ձևերի անասնապահական կամ արոտային և յերկրագործական կամ հովտային դրությունների հակամարտությունների միջ:[1] Ավատականության կատարյալ և ջախջախիչ հաղթանակը բերող մի խորունկ հեղաշրջում էր այդ, վոր նոր ճակատագիր, մի գյուղական — ճորտային յերկրի ճակատագիրն էր ընդհանրացնում ամբողջ հայկական բարձրավանդակի վրա։

Հայ անցյալի այս բազմաբեղուն և վճռական կերպարանափոխումը յեթե վոչ միանգամայն կախված էր, գեթ շատ հզոր և

  1. Այս դրությունների մասին տե՛ս իմ հոդվածը՝ «Հայոց Պատմության հարցերից»(«Հայաստանի Պետ. Համալսարանի Տեեղեկագիր», յերկրորդ գիրք, Յերևան, 1927թ., յեր. 393—432):