Այս էջը հաստատված է

այսինքն` Սյունիքի և Արցախի նվաճումից մոտ 500 տարի անցած` յերկու նահանգներն ել տակավին «գազանամիտ» եյին և «վայրենագույն», այս միայն ապացույց ե, թե վորպիսի համառությամբ եյին նրանք պահպանում իրենց ազգագրական ինքնությունը: Յեվ հասկանալի յե, թե ինչու հայ հայացնողներն այնպիսի մեծ ատելությամբ եյին վերաբերվում տեղական լեզուներին: Կորյունի ժամանակ դեռ գոյություն եր պահպանում Արցախի գավառաբարբառներից մեկը, վոր կոչվում եր «գարգարացոց» լեզու, և Մովսես Խորենացին անվանում ե նրան «կոկորդախոս, աղխաղուր, խժական, խեցբեկագոյն» [1]): Միայն տասներորդ դարումն ե, վոր մենք տեսնում ենք Արցախը լիովին հայախոս և այս յերևույթի մի շատ հետաքրքրական հուշարձանն ե առաջին տեղացի հեղինակը, Մովսես Կազանկայտուացին,վոր այնքան ե հայացած, այնքան ե յենթարկված Խորենացու ազդեցության, վոր կրկնում եր նրա արհամարական խոսքերը գարգարացոց լեզվի մասին[2]) ,թեև այս լեզուն կարող եր նրա ժամանակ միանգամայն անհետացած չլինել իբրև մայրենի լեզու շատերի համար:

Հայացման փաստն այսպիսով պարզված տեսնելով, կարեվորություն ե ծագում բացահայտ դարձնելու նաև ազգաբնակության ցեղական ծագումը, մի հարց, վոր պիտի վոչ նվաղ չափով ոգնե հայտնաբերելու հազարավոր տարիներով իր լեռների վրա նստած ժողովրդի ֆիզիկական և հոգեկան առանձնահատուկ կարողությունների չափն ու վորակը, նրա ընկերային և քաղաքական կյանքի բովանդակության և կազմավորման հիմքերը:

Այդ` ծագման հարցը մեզ տանում ե մի նախապատմական շրջան, վոր դեռ բավականաչափ չի լուսաբանված ժամանակակից գիտության ջանքերով: Ինչ վոր հայտնի յե առավել կամ նվաղ չափերով և թույլ ե տալիս հավանական յենթադրություններով ճանապարհ բաց անել անհայտության խավարի մեջ, մենք այդ բոլորն արել ենք մանրամասնորեն մի ուրիշ տեղ[3]): Այստեղ կասենք միայն հետևյալը:

Հարավային Ղարաբաղը (Սյունիքի) դեռ նախահայկական շրջանում հայտնի յեր դարձնում իրեն Սևանի լճի սեպաձև արձանագրություններից մեկի մեջ «Սիունիտ» անունով, իբրեվ

  1. Խոր. Գ, ծդ.
  2. կաղանկայտ յեր. 95
  3. Տ. իմ «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեվոր դպրոցի» Թիֆլիս, 1915, գլ. առաջին: