Այս էջը հաստատված է

տնտեսություն ե — գյուղական և յերկու հատ դասակարգ։ Վերեվինը, վոր վայելողն ե, իրան անվանում ե «ազատ», իսկ ի՞նչ եր այն, վոր նրա տակն եր գտնվում.- նա այն եր, ինչ կազմում եր «ազատ»–ի հակառակը - «անազատ»։ Մեր հին գրականության մեջ այս յերկու բառերով ե վորոշվում հասարակական այն կարգը, վորի վրա կառուցվում եր պետությունը։ Այս այն կարգն եր, վոր ուներ իր հատուկ հայկական անունը նախարարություն, բայց հատուկ հայկական հիմնարկություն չեր, այլ ամեն տեղ, թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում տարածված մի տնտեսական դրություն, վոր միաժամանակ եր և քաղաքական դրություն և կոչվում եր ավատականություն կամ ֆեոդալիզմ։ Նրա հիմքը գյուղացիությունն եր, վոր ճորտ եր, այսինքն՝ ամրացված հողին, և վոր պատկանում եր նախարարին կամ իշխանին։

Յերկրի տերը նախարարն եր։ Նա յեր կառավարում ինքնիշխան կերպով, ստանում եր հարկեր ու տուրքեր, դատաստան եր կտրում, պատիժներ նշանակում, ուներ իր սեփական զորքը, վոր հաճախ պատերազմի յեր տանում իր հարևան նախարարների դեմ՝ մանր ու խոշոր սահմանային վեճեր զենքի ուժով լուծելու կամ հաճախ հողային հափշտակություններ կատարելու համար։ Նախարարությունը միակերպ մի իշխանություն չեր, այլ ուներ աստիճանավորումներ։ Կային ամենագլխավորները, գլխավորները, ավագները, կրտսերները։ Յեթե մի ամբողջ մեծ գավառ կամ նահանգ պատկանում եր մի նախարարի, այս չեր նշանակում, թե նա անձամբ և միայնակ կառավարում և շահագործում եր իր այդ ընդարձակ յերկիրը։ Լինելով ծայրագույն սեփականատեր, նա թույլ եր տալիս, վոր իր հետ և իր ձեռքի տակ գտնվեն և ավելի մանր կալվածատերեր, վորոնք իրանց դնում եյին նրա պաշտպանության տակ, մատուցանում եյին նրան, իբրև ավատապետի, ծառայություններ, հարկավոր յեղած դեպքերում իրանց զորքն եյին դնում նրա տրամադրության տակ և այլն։ Այսպիսով բազմանում եր հողատերերի, ազնվականների կամ, վոր միևնույն ե, ձրիակերների դասը։ Նրա թվական կազմի մասին մի աղոտ հասկացություն տալու համար կասենք, վոր արաբացիները Հայաստանին տիրելուց հետո, կամենալով թուլացնել նախաարարական դասը, 8-րդ դարի առաջին կեսին Նախիջևանի և Խրամի յեկեղեցիներում այրեցին 1200 հոգի[1]), առանց դրանով կարենալու սպառել ազնվականությունը։

  1. Հ․ Ղ․ Ալիշան - «Յուշիկք Հայրենեաց Հայոց»․ Վենետ․ 1870, Բ․ եր, 144