Այս էջը հաստատված է

Յեվ ահա այս տեղ հարց ե առաջ գալիս, թե ինչպես եյին ուտում այս ձևափոխված ավատական շրջանի ազնվականները կամ, ուրիշ խոսքերով, ի՞նչ եր մելիքական իշխանությունը և ի՞նչ հարաբերություններ ուներ իրան յենթարկված Ժողովրդի հետ։ Իսկ այս հարցը ճշտությամբ և ամբողջությամբ պարզելը հեշտ չե ամենից առաջ հենց այն պատճառով, վոր տեղեկություններ այդ մասին շատ չունենք և յեղածների մեջ ել նկատելի յեն հակասություններ։

Մելիքությունը զուտ պարսկական հիմնարկություն եր, և ընդհանուր առմամբ նշանակում եր քրիստոնյա ազգաբնակության տեղական կառավարություն քրիստոնյա պաշտոնակալների ձեռքով։ Բայց այս կառավարությունը չեր դրված ամեն տեղի համար միանման և անխախտ սկզբունքների վրա։ Ուստի և մելիքական իշխանությունը պաշտոնական բովանդակություն ստանում եր նայած հանգամանքներին, վորոնք մեկից ավելի եյին։ Ամենից առաջ և ամենից բարձր այդ հանգամանքների մեջ կանգնած եր, իհարկե, Շահի կամքը, վորի առջև ամբողջ պետությունը ստրուկ եր։ Մեծ պետական ձեռներեցության տեր Շահերը որինակ մի Շահ-Աբրաս մեծ 17-րդ դարում կամ մի Նադիր Շահ 18-րդ դարում, բարձրացնում և ամրացնում եյին մելիքությունները տնտեսական և ռազմական նկատառումներով, իսկ մեղկ ու ապիկար Շահերը, վորոնց համար թագավորել՝ նշանակում եր կեղեքել հպատակներին, զրկում եյին մելիքներին նույնիսկ հարկահավաքության իրավունքից և իրանց ուղարկած մարդկանց ձեռքով եյին կողոպտում մելիքական կառավարության տակ գտնվող ժողովուրդները։ Շահական տրամադրությունից հետո նշանակություն ուներ և մելիքի անձնավորությունը։ Յեթե դա կարող և կորովի մարդ եր, մանավանդ հարուստ, ազդեցիկ, կենտրոնական կառավարության աչքում այդպիսին առանձին հարգ ու պատիվ եր ստանում։ Վերջապես հիշենք և մի շատ հզոր հանգամանք-այդ Իրանի ընդհանուր քաղաքական դրությունն եր: Յերբ ուժեղ եր կենտրոնական կառավարությունը, պարսից պետությունը յենթարկված եր մնում վորոշ կարգ ու կանոնի, և այն ժամանակ կարելի յեր ասել, թե կառավարական սիստեմն ունի վորոշ չափով կայունություն և տևողություն: Բայց յերբ պետությունը մատնվում եր անիշխանության,- իսկ այսպես եր ամբողջ 18-րդ դարում—այն ժամանակ առաջանում եյին ամեն տեսակ տակնուվրայություններ, և մենք տեսնում ենք մելիքներին կամ կատարյալ անկախության հասած կամ, ընդհակառակն,