պատկանող գուղացիները ցրվում եյին: Բայց Ղարաբաղի խանությունը ռուսաց տիրապետության տակ անցնելուց հետո, Գանձասարի Սարգիս կաթողիկոսը, վոր ապաստանված եր Հախպատի վանքում, 1808 թվին Ղարաբաղ եր ուղարկում իր յերկու յեղբոր վորդիներին, վորոնցից մեկն եր Բաղդասար վարդապետը (հետո միտրոպոլիտ)՝ Գանձասարը վերանորոգելու համար, վորպեսզի ինքն ել, փախստական մելիքների նման, վերադառնա հայրենի յերկիրը: Բաղդասարը հաջողությամբ գլուխ ե բերում այդ հանձնարարությունը, գործադրելով մի միակ միջոց, վոր մնացել եր կաթողիկոսության տրամադրության տակ, այն ե՝ ճորտային աշխատանքը: Գանձակում նա գնում եր 15 ճորտ ընտանիք, տանում եր իր հետ Գանձասար, այստեղ ել հավաքում եր զանազան գյուղերում ցրված ճորտերին, և այսպիսով ստեղծվում եր տնտեսական մի ուժեղ կռվան՝ քայքայված շինությունները վերականգնելու և նոր տնտեսություն կառուցելու համար: Ղարաբաղի Մեհտի Ղուլի Խանը հրամանագրում եր աջակցություն ցույց տալ Բաղդասար մետրոպոլիտին և ասում եր այդ հրամանագրի մեջ.
«Եւ ապա ամենքին դուք, որ ի նախնումն հպատակք էիք վանիցն Գանձասարու և որ այժմ ցրուեալքդ էք ի զանազան տեղիս և ի հեռավոր գիւղորայս, դարձջիք ի հպատակութիւնն ձերոց նախկին կալուածատեարց, բնակեսջիք ի մերձակաս յիշեալ վանիցն, ըստ կարգադրութեան Բաղդասար վարդապետին և տքնեսջիք ի շինութիւնն նախնի տանն (օճախքն) ձերոյ» [1]):
Այս «Հպատակների», «ծառաների», «ստրուկների» և պարզապես ճորտերի ծագումն այսպես եր բացատրում Բաղդասար միտրոպոլիտը 1849 թվին իշխան Վորոնցովին գրված իր թղթի մեջ.
«Ի ժամանակս իշխանութեան վաղեմի արքայիցն պարսից վանքն Գանձասարու էր ի ծաղկեալ դրութեան և ճոխացեալ էր բաւական անդեամբք ի սնունդ ինքեան և կաթողիկոսունք նորա հանդերձ միաբանութեամբք իւրեանց լեալ են ի բարօրութեան, վնաս զի վանքն ունէր ինքեան ի սեպհական ստրուկ զհարիւր յիսուն գերդաստան՝ բնակեալս ի վերայ վանքական հողոյն, ոչ ենթարկեալս պահանջման իմիք յօգուտ տէրութեան և ազատ յամենատեսակ հարկատուութեանց,- որք միայն վանիցն հատուցանէին զամենայն սահմանեալս հաստատութեամբ»[2]):
Այս վանքական ճորտերն եյին: Բայց կային և անձնական սեփականություն կազմող ճորտեր: Բաղդասար միտրոպոլիտն ուներ 27 այդպիսի ընտանիք, վորոնք ապրում եյին Գանձասար գյուղում: 1841 թվականին Բաղդասար հասած լինելով ծերության հասակին և չկամենալով, վոր իր մահից հետո իր ճորտերն