Այս էջը հաստատված է

Մենք նորից պիտի վերադառնանք հայագետ Շրոդերին՝ Յեվրոպայում առեվտուր անող հայ խոջաներին բնորոշելու համար քաղաքական տեսակետից: Նրա ջուդայեցի Սաֆարը, վոր խոսակցություն ուներ ֆրանսիացու հետ, ասում ե.

«Մեզ ինչ պետք ա թագավորաց կռվի վերա խոսիլ. ասացի մեր երկիրը խաղաղություն ա»: Յեվ հետո. «Ուղորդ ա, մեր ազգն եսոր ել դինջ ու քնաց մեր թագավորանց վախտին, զարա կռիվ չի դնալ ու ամեն ազգի հետ ազատ ելումուտ ունի»[1]):

Ահա և մի խոջայական խնջույք: Մեկն ասում ե.

«Յես Ֆրանկստան մինքանի տեղ ասել եմ, թե մեզ մոտ այսքան այսքան բաբաթ խաղող կա. իսկի ուզել չեն հավատալ. կասեն թե դուք մին անկիրթ ազգ եք, ձեր խոսքին թամալ չկա.- Աջաբ չե ախպեր, զարա ինչպես ել ենդունց մինն ասել ա. եսոր հային վոչ թուր ունի վոչ գրիչ, խարբալելու վախտ ա»:

Յեվ ահա ինչ պատասխան ե տրվում դրան.

«Թող ինչ կուզեն՝ ասեն, ինչպես վոր Աստված զմեզ ստեղծել ա, ենհենց ենք. վոչ ենդոնք գիտեն զմեզ փոխել՝ վոչ մեզ հաջաթ ա ենդունց ղարշու խոսիլ»[2]):

Վաճառական դասակարգի ամենաորինավոր ցանկություններ և իդեալներ: Հային հարկավոր ել չե թագավոր. եթե ունենա այդպիսի բան, պիտի պատերազմի գնա, մինչդեռ այժմ նա կռվի չի գնում և ազատ առեվտուր ե անում բոլոր ազգերի հետ: Հային համարում են անկիրթ ազգ և դրա համար ել նշանակություն չեն տալիս նրա խոսքին: Հայը, ասում են, վոչ թուր ունի, վոչ գրիչ, ուրեմն կարելի ե նրան հարստահարել: Ինչ ուզում են, թող ասեն, պատասխանում ե հայ խոջաան - մենք այսպես ենք ստեղծված և վոչվոք չի կարող մեզ փոխել:

Այս, կարելի յե ասել, հասարակական կարծիք ե, շահի և կապիտալի հաստատած մտայնություն: Այսպես ե հայ խոջայական զանգվածը յեվրոպական վաճառանոցներում: Յեվրոպական կապիտալից նա վերցնում եր շահ, պերճանք, փարթամություն: Իսկ մտքով ու հոգով՝ անբռնաբարելի խոջա: Բայց այսպես եր, քանի վոր կար, արտոնված ու փայփայված եր խոջայական կապիտալի հայրենիք Ջուղան: Այս բացառիկ դրությունը, սակայն, յերկար չտևեց: 17-րդ դարի յերկրորդ կեսում հետզհետե սկսում են պարսից կառավարության ճնշումներն Ջուղայում: Հետզհետե բացվում եր կառավարության նոր ուղությունը - վոչ թե պաշտպանել խոջայական առևտուրը, այլ հարստահարել ու կողոպտել նրան: Այս ուղղության հետ սաստկանում եյին և կրոնական

  1. Շրոդեր - «Գանձ Արմեան լեզուին», յեր. 338-339
  2. Անդ. յեր. 361-362.