Այս էջը հաստատված է

կարգերի խիստ ազդեցության տակ։ Քաղաքական ազդեցությունների խիստ մրցակցության հետ զուգընթացաբար գնում ե և տնտեսական ազդեցություեների մրցակցությունը։ Գերակշռող հանդիսանում ե, իհարկե, յեվրոպական մեթոդը, իբրև ավելի բարձրը և ուժեղը։ Բայց նա ուներ և իր տկար կողմը, և այդ այն եր, վոր կապված լինելով հռոմեյական կապիտալի հետ, կապվում եր և հռոմեյական զինվորական գրավման տարածության հետ, անկարող թևակոխելու այնպիսի հողամասեր, ուր հռոմայեցի զինվոր չկար։ Այս նշանակում եր, վոր Հայաստանի ամբողջ տարածության վրա միայն Արարատյան յերկիրն եր տնտեսական նոր յերևույթի կրկես դառնում, ուրեմն և մի տեսակ բացառություն՝ հայ համատարած իրականության մեջ:

Արդ՝ դիմելով այդ բացառությունը հատկանշող տնտեսական ձևերին, մենք տեսնում ենք ամենից առաջ քաղաքային տնտեսության խիստ զարգացումը մի համեմատաբար փոքր տարածության վրա, բայց անշուշտ աչքաթող չեր անվում և կապիտալիստական գյուղատնտեսությունը, վորին հոժարությամբ նվիրվում եյին հռոմայեցիներն ոտար յերկրներում, ընտրելով դրա համար նվաճողի, իհարկե, իրավունքով, ամենալավ և բերրի հողաբաժիններ։ Աշխատանքի հիմք չեր կարող չլինել այն, ինչ գործ եր ածում ամբողջ հին աշխարհը, այն ե՝ ստրկությունը։

Հայ ժողովրդի պատմական կյանքի վաղ արշալույսին մենք տեսնում ենք նրան տնտեսական զարգացման ցած աստիճանի վրա-խորունկ տոհմատիրական նախնականության մեջ։ Քսենոֆոնը չտեսավ և վոչ մի քաղաք Հայաստանում։ Հետագա զարգացման ընթացքում, մանավանդ հելլենահռոմեյական աշխարհի հետ ունեցած շփումների հետևանքով, անհրաժեշտ ե դառնում քաղաքային տնտեսությունը, բայց վորովհետև հայ ժողովուրդը տնտեսապես զարգացած չեր քաղաքային տարր դառնալու չափ, ուստի հայ թագավորները, Արտաշես և Տիգրան, լցնում եյին իրանց մայրաքաղաքները Արտաշատ և Տիգրանակերտ ոտարազգի ազգաբնակությամբ, առաջինը` մարերով և յերկրորդը` հույներով և հրեաներով։ Մանավանդ վերջիններս դառնում են խոշոր ներգաղթերի առարկա և լրացնում են քաղաքային տարրի պակասությունը Հայաստանի մի քանի վայրերում, առանձնապես Արարատյան յերկրում։ Հռոմեյական կառավարությունը, նախանձախնդիր քաղաքային տնտեսության զարգացման և ծավալման, խրախուսում եր այդ հրեյական ներգաղթերը և հենց այդ նպատակով եր, յերևի, վոր նա հայ թագավորական գահի վրա նստեցրեց մի քանի թագավորներ