եյին, թե յեկել ե իսլամի վերջը յեվրոպական հողի վրա և շատերը Կ. Պոլսում պատրաստվում եյին անցնել Ասիա։ Արևելյան հարցը թվում եր հանգած իր լուծման։ Հասկանալի յե, թե վորքան մեծ պիտի լիներ քրիստոնյաների վոգևորությունը։ Բացառություն կազմում եր միայն Ֆրանսիան, վորի «արևը» խղճուկ ջանքեր եր անում փրկելու համար իր ջախջախված բարեկամի բեկորները։ Որվա հերոսը Լեոպոլդ կայսրն եր, Հովհան-Վիլհելմի քրոջ ամուսինը։ Պարտված Թյուրքիան հաշտություն եր խնդրում և նրան թելադրվում եյին անդամահատության ամենածանր պայմաններ, վորոնցից պիտի սկսվեր և պատմական անխուսափելիություն դառնար Թյուրքիայի, իբրև նվաճողական բռնապետության քայքայումը։ Հաշտության բանակցություններով, վորոնք տեղի եյին ունենում Կարլովից ավանում, պահանջվում եր, վոր Թյուրքիան զրկվե Դանուբ գետից դեպի հյուսիս գտնվող մեծամեծ յերկիրներից, ինչպես նաև ուրիշ շատ խոշոր հողամասերից։ Յեվ Թյուրքիան, սնանկացած ու տկար, կարող եր միայն համաձայնություն տալով փրկել իր գոյությունը։
Այսպես եյին որերը, ամիսները Զանտայի հաղթությունից հետո։ Խորտակվում եր ամբողջ Յեվրոպան սարսափի մեջ պահող իսլամական ուժը, վերակենդանանում եյին ընկճված ժողովուրդները։ Յեվ հսկայական աջողություններից հղփացած հաղթողների համար կարո՞ղ եր այդ որերին լինել անկարելիություն ներկայացնող մի քաղաքական ծրագիր։
Որիի դիվանագիտական ճարպիկության խոշոր մի արտահայտությունն եր, վոր նա կարողացավ ոգտագործել հարմար րոպեն և մշակել Հովհան–Վիլհելմի միտքն այն ուղղությամբ, թե նրա համար դժվարություն չի լինի մի ազատարար արշավանք ուղարկել Հայաստան և փոխարենն ստանալ նրա թագը։ Նրան տված եր սար դժվարությունները խոսքով հարթելու կարողություն, վորովհետև նրա լեզուն սանձ չեր ճանաչում։ Սարքել, հերյուրել,ստել անհնարին չափերով՝ այսպես եր նա հմայում, յեվ յեթե այս հատկությունները միանգամից չեյին ծակում լսողի ականջը պատճառն այն եր, վոր Որին լավ տեղյակ եր իր ժամանակի քաղաքական դրության և նրանից վերցրած փաստերի վրա յեր պատվաստում իր սնամեջ հնարավորությունները:Նույնիսկ ըստ յերևույթին միանգամայն անիրագործելի ձեռնարկությունները նա կարողանում եր հավատալի դարձնել, դնելով նրանց քմահաճորեն ստեղծած կողմնակի նպաստամատույց պայմանների մեջ:
Այս մի հուժկու ունակություն եր, վոր բնությունը դրել եր