Այս էջը հաստատված է

միապաղաղ կենտրոնացման վրա խարսխված պետական կազմակերպության մեջ: Արդեն մենք տեսանք, վոր լավագույն դեպքում լեռան պետական իդեալը գյուղական թագավորությունն եր, և այսպես եր և ուրիշ կերպ չեր կարող լինել, քանի վոր լեռնային բնությունն, իր աշխատության պատճառով, մանր գավառական անջատականության մեջ եր ամփոփում իր տնտեսական շահերը։ Այս ընդհանուր տնտեսական տկարությունը, միշտ սեղմված պահելով ազգաբնակությունն աղքատության նեղլիկ շրջանակների մեջ, հնարավոր չի դարձնում նրա համար վոչ միայն լայն ու ընդարձակ հեռանկարները, այլ նույնիսկ և մտածողական լայնախոհությունը՝ պետական և հասարակական կազմակերպության վերաբերմամբ: Ամեն ինչ մանր եր ու տեղային՝ լեռնային տնտեսության մեջ, և մի Հովհան - Վիլհելմի թագավորություն, վոր անշուշտ, բարձր և ընչավետ պիտի լիներ, քան եյին յերբեմնի հայ գյուղական թագավորությունները, չափազանց ծանր պիտի լիներ իբրև անուր լեռնային ազգաբնակության վզին։ Հարկային մեծաքանակ պահանջումները կատարելապես քայքայում եյին լեռնցու տնտեսությունը և դառնում եյին նրա համար աղետ ու արհավիրք։

Որիի գալուց 15 տարի առաջ (1684-ին) ե գրել Վառվառե կույսը Հյուսիսային Ղարաբաղում իր ավետարանը, վորի հիշատակարանից մենք մի կտոր բերինք նախընթաց գլխում, ցույց տալու համար, թե վորքան բազմամարդ եր հայ ազնվական դասը Վերին Խաչենի մի անկյունում։ Այժմ մեզ կարեվոր ե ծանոթանալ այդ հիշատակարանի հետևյալ հատվածի հետ.

«Ի դառն և անբարի ժամանակից յորում նեղիմք յանօրէն թունաւորաց ծանր հարկապահանջութեանց մեծապէս դաժանմամբ մինչ ի յելս շնչոյ անզերծանելի գրաւորմամբ և այս վասն բազում մեղաց մերոց զի աշխարհ ամենայն ի վրդովման և տատանման կան։ Ընդ որս և մեք կամք ըստ ծփանաց համայնից ալեկոծութեանց վարեալ ի մրրկէ անդի խռովութեանց, զի ոչ հայրապետք, ոչ առաջնորդք և ոչ կրօնավորք և ոչ ռամիկ ժողովրդականք և ոչ լինին երբէք յանդորրութեան և հանդարտութեան սակս զարտուղի գնացիցն և անմպոն ընթացիցն զոր ունին հաստատեալ յինքեանս. վասն որոյ տուժեն դիմոսական հարկօք առաւելութեամբ. և ոչ որպէս սահմանեալ և կարգեալ ի յորէնսդրաց և առաջնորդաց իւրանց, այլ կսկծուցանելով սաստկապէս կեղեքեն զկեանա անխնայ որպէս ըստ օրենի չար տզրկացն անկուշտ և անյոգ լինելով»[1] Յեվ չպետք ե կարծել, թե Որիի ժամանակ այս ժողովրդական աղետն անցել եր կամ մոռացվել։ Ընդհակառակն, նույն 1699-ին յերբ տեղի յեր ունենում Անգեղակոթի ժողովը, պարսից կառավարությունը

  1. Ձեռագիր, Եջմ, մատեն.