ըմբռնում եր այս հարցի ծանրությունը, բայց իբրև մի քաղաքագետ, վոր տարված եր անպատճառ մի բան սարքելու տենչով, չեր հրաժարվում սուտ ու պատիր, խաբեբայական միջոցներից։ Ինչի՞ վրա յեր նա հիմնում իր բերած առաջարկության հնարավոր իրագործումը։ Յեթե փորձեր ազնիվ և ճշմարտախոս գաղափարապաշտ դառնալ և բաց կերպով ասել ամենքին, թե քաղաքական անկախությունն առանց ծանր զոհաբերությունների չի տրվում և Ղարաբաղը պիտի չխնայեր իր ամբողջ նյութական կարողությունն այդ գաղափարի համար, — նրան չեյին լսի, նրան ճամբու կդնեյին. բայց Որին այսպիսի շիտակությամբ չգնաց,-այս կլիներ անոգուտ դեգերում փշոտ կածանի վրա։ Յեվ նա ինքն ե իրան մատնում, թե ինչպես եր ոգտագործում լեռնային թանձր միամտության և համասփյուռ քաղաքական անգրագիտության միջավայրը:
Սկսելով իր գործը, Որին գիտեր, վոր առանց իր կողմը մի կտոր հոգեվորականություն ունենալու շատ չպիտի հաջողե, իսկույն և յեթ, վեց «իշխանների» հետ միասին, դիմեց Գանձասարի վանքը։ Յերկու նպատակ կարող եր նա ունենալ այդ ուղևորությամբ։ Մեկն եր փոխարինել Աղուանից կաթողիկոսությամբ Եջմիածնի կաթողիկոսությունը, վոր չեր ուզում հարել Որիի ձեռնարկած շարժման և գլխավորել հայերի դավանափոխությունը, վոր անհրաժեշտ պայմանն եր Հայաստանի ազատագրման, իսկ մյուսն այն եր, վոր Հյուսիսային Ղարաբաղն ել միանա Հարավայինին, մի բան, վոր կարող եր տեղի ունենալ այն դեպքում միայն, յեթե Գանձասարն ել հարեր Որիին, քանի վոր ինչպես տեսանք, նա յեր այն կենտրոնը, վորին հպատակվում եյին Հյուսիսային Ղարաբաղի տիրողները։
«Պետք եր սպասել, վոր Որին պարզ ու մանրամասն կերպով կպատմեր Գանձասարի կաթողիկոսին, թե ինչու համար ե յեկել ինքը, թե քաղաքական ազատագրման ի'նչ տեսակ ծրագիր եր հղացվել Յեվրոպայում Հայասաանի համար։ Բայց սրա փոխարեն նա ասաց, թե ինքը յեկել ե Յեվրոպայի նշանավոր, ուժեղ և ազդեցիկ մի իշխողի կողմից, վորի ընտանիքը չորս թագավորող անդամներ ունի։ Այս հզոր իշխանը քրիստոնեյական հավատի ոգտի համար մի բարեգործական գումար ե ուղարկում, վոր պիտի գործադրվի յեկեղեցիների, վանքերի, մենաստանների, հիվանդանոցների և այլ այսպիսի հիմնարկությունների վրա ըստ չափու անհրաժեշտության։ Կաթողիկոսն, ի հարկե, ուրախությամբ ե լսում այս հայտարարությունը և իր կողմից պատրաստականություն ե հայտնում շնորհակալությամբ ընդունելու այդ շնորհը և գործադրելու գումարը, վոր ծածուկ պիտի ուղարկվի, ըստ չափ ու անհրաժեշտության։ Գումարի ծածուկ մնալու պայմանը մերժում ե Որին. ասելով վոր, ընդհակառակը, յեվրոպացի իշխանը գումարի հետ այստեղ պիտի ուղարկե ինժեներներ, գործակալներ, կրոնավորներ։ Այն ժամանակ կաթողիկոսը կտրականապես մերժում ե ընդունել