եր տարել նաև թագավորազն Գիորգիին: Գնալով Մոսկվա, նա մոտիկ հարաբերություններ սկսեց այն տեղ պարսիկների ձեռքից փախած Արչիլ թագավորազնի հետ, վոր համաձայնություն տվեց միասին գործելու։ Այս պատերազմական ծրագիրն ել, յերևի, կազմված եր Արչիլի հետ խորհրդակցելով:
Ռուսական արշավանքի համար ել Որին վերջնական կետ նպատակի յեր ընտրում Թավրիզը: Աջողությունն այս անգամ ավելի ևս արագընթաց եր: Որին հավատացնում եր, թե ամբողջ ձեռնարկությունը, այսինքն՝ պարսկական Այսրկովկասի ծայրե ծայր նվաճումը վերացած կլնի մի 15 որում, հիմնվելով դարձյալ այն բանի վրա, վոր պարսիկները վոչ մի տեղ աչքի ընկնող զինվորական ույժ չունեն: Գործը հեշտությամբ կատարելի լինելու կերպարանքի մեջ ներկայացնելու անհեթեթ մարմանջն այստեղ ել նույն անհետևողականությունը, նույն հակասական դրություններն եր առաջ բերում: Այսպես, Որին ռուսներից խնդրած զորքերի թիվը յեթե մի տեղ վորոշում եր 25 հազար, մի ուրիշ տեղ իջեցնում եր 10—20 հազարի, իսկ մի անգամ ել ասաց, թե բավական ե և 5 հազար մարդ: Յեվ բնական եր, վոր այդ անչափ ու անսահման հեշտացումը վորոշ կասկածներ և վերապահումեր ներշնչեր ռուս կառավարության, վոր քան և նա հետաքրքրված լիներ պարսկական արշավանքի մտքով, վոր միայն Որիինը չեր, իրանն ել եր: Համենայն դեպս, նա չշտապեց մի յերկրորդ ռազմաճակատ ել դեպի հարավ բաց անել, ինչպես խնդրում եր հայ պատգամավորը:
Այս բոլորը նախնական բանակցություններ եյին: Որիի զեկուցումները հասնում եյին Պետրոսին, վորը, վերջապես, ունկնդրություն շնորհեց Որիին հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։ Նա ներկայացավ ցարին իբրև Պֆայլցի կուրֆյուրստի դեսպան և ընծաներ մատուցեց: Ընդունելությունը միանգամայն գոհացրեց Որիին, իսկ նոյեմբերի 19-ին ցարի անունից հայտարարվեց նրան ռուսական կառավարության պատասխանը, վոր շատ հուսադրական եր: Ամենագլխավորը, վոր ուզում եր իմանալ Որին, այն եր, թե արդյոք ցարը համաձայն ե ընդունել հայոց գործն իր հովանավորության տակ: Նրան պատասխանեցին, թե ցարը «հակված ե» ընդունել, բայց շվեդական պատերազմը թույլ չի տալիս, վոր նա ամբողջ գործն իր վրա վերցնի: Ուստի առաջարկում եր Որիին գրել կուրֆյուրստին, վոր նա, ինչպես խոստաց եր, ուղարկե յերեք կամ չորս գունդ զինվոր, վորոնց Ռուսաստանի հողով անցնելու մասին առանձին կարգադրություն կանվի: Բայց