առորյա դեսպանություն չպիտի լիներ, այլ մի ամբողջ արտակարգ յերևույթ, ընդունակ շշմեցնելու Արևելքը: Դրա համար Որին խնդրում եր Պետրոսին նախ և առաջ տալ իրան գնդապետի աստիճան և ապա թույլաարել, վոր ինքը գնա Յեվրոպա և այնտեղ, իբրև արդեն զինվորական, բանակցություններ վարե զինվորական և այլ կարգի մասնագետների հետ, թե դեսպանության միջոցին Պարս- կաստանում ինչ հարցեր պետք կլիներ ուսումնասիրել ծրագրված ռուսական արշավանքի աջողության համար։ Բայց այս կարող եր չհամարվել բավականաչափ զորեղ հիմք՝ այդ խոջային զինվորական բարձր աստիճան տալու համար։ Ուստի Որին գրում եր.
«Յես չեմ խնդրում վոր զինվորական մի գունդ հանձնվի իմ հրամանատարության տակ, այլ խնդրում եմ միայն գնդապետի աստիճան, վորպեսզի այդպիսով հեշտ լիներ դրդել մարդկանց շարունակել մեր գործը համաձայն վեհափառ ցարի մտքին: Գնդապետության աստիճան շնորհելու մեջ թե հայերը և թե ոգոստափառ կայսրը և թե պայծառափայլ կուրֆյուրստը կտեսնեն ցարի վողորմածության և համակրության նշանը»[1])։
Բացի այդ բոլորից` գնդապետությունը հարկավոր եր և այն պաաճառով, վոր Որին մտադիր եր, Պարսկաստանից վերադառնալուց հետո, Աստրախանում իր հաշվով կազմել մի հայկական գունդ և դնել այն ցարի տրամադրության տակ։
Պետրոսը կատարում եր Որիի յերկու խնդիրքներն ել և սա 1704 թվի փետրվարին ուղևորվում եր Յեվրոպա արդեն ռուսաց գնդապետի աստիճանով: Գնալուց առաջ նա գրում եր կուրֆյուրստին, թե ցարն իրան ասել ե, թե ինքն արդեն կարգադրել ե 300 նավ կառուցանել Աստրախանում և պատրաստ պահել սահմանագլխի վրա յեղած զորքերը: Ուրեմն հեռու չեր ազատարար արշավանքի իրականացումը, և Որին շտապում եր կազմակերպել իր դեսպանությունը։ Հարց եր, թե ով պիտի դեսպանի պաշտոն տար Որիին։ Ավստրիայի կայսրը հրաժարվեց նույն իսկ հանձնարարական նամակ գրել պարսից Շահին, վորպեսզի Որիի դեսպանությունը քաղաքական բնույթ չստանա։ Միակ հարմար պատրվակն այն եր, վոր Հռոմի պապը դեսպան ուղարկեր Որիին Շահի մոտ, տանելու համար նրա նամակը, վորի մեջ, նախկին տարիների որինակով, խնդրվածք կլիներ հովանավորելու Պարսկաստանում ապրող կաթոլիկ քրիստոնյաներին։ Հովհան-Վիլհելմը հատուկ այս նպատակով Հռոմ եր ուղարկում իր խոստովանահորը, վոր և աջողեցնում եր Որիի դեսպանությունը։
- ↑ Эзов, с. 176.