Այս էջը հաստատված է

եր պարզակյաց բեդուինի նման և նրա ամբողջ խոհանոցը կազմում եր արմավներով լիքը մի պարկ։

Այսպես եյին և ոսմանյան առաջին սուլթանները-սակավապետ հովիվներ։ Բայց յերբ նրանք հաստատվեցին յեվրոպական հողի վրա, մտան Յեվրոպայի տնտեսական պայմանների մեջ, վայելելու համար ժառանգեցին բյուզանդական քաղաքակրթությունը, վորի մեջ նրանք մազի չափ մասնակցություն չեյին ունեցել, այն ժամանակ եր ահա վոր բեդուինական կենցաղն ու հասկացողությունները դարձան նվիրական ավանդություններ, վորոնց կարելի յեր հարգել ու պաշտել, բայց վորոնց չեր կարելի այլևս հետևել։ Ոմարի և ուրիշների որենսդրությունները դարձյալ անխախտելի և հրամայող են մնում թղթի վրա, իսկ կյանքի մեջ մահմեդական մեկուսացումն ու ինքնամփոփումը մեծամեծ ճեղքեր են գոյացնում, վորոնց միջով ներս եր խուժում ստիպողական պահանջը-փողը՝ պետական կյանքը կարգավորելու և աշխարհի բարիքները վայելելու համար։ Յեվ այստեղ ե ուժեղ ու հաղթական, ինչպես ամենուրեք, կապիտալը։ Այդ ույժի առաջ գլուխ ե իջեցնում ոսմանյան գոռոզ ու հղփացած նվաճողականությունը։ Սուլթանն «Ալլահի ստվերն» ե այս աշխարհում, բայց Ալլահի ստվերն անգամ չի կարող ապրել առանց փողի, դրա առաջին պատճառը հենց այն ե, վոր «Ալլահի ստվերը» լայն ծավալվել և Յեվրոպայի հողի վրա, խրվել ե Յեվրոպայի տնտեսական կյանքի մեջ, ուր տերն ու կարգադրիչն առևտրական կապիտալն եր։

Յեվ այդ կապիտալն ե ահա, վոր դառնում ե մի սանդուղք, վորի վրայով անարգ ռայայի անդամները բարձրանում են իրանց անկման փոսերից մինչև այնպիսի գագաթներ, ուր նրանք արդեն կամք թելադրողներ են, ուր նրանց հետ հաշվի յե նստում նույն իսկ սուլթանը, ինքն «Ալլահի ստվերը»։ Այստեղ, բարձրերում, նա, իհարկե, չի դադարում «անհավատ քաֆիր» և ուրիշ այսպիսի բազմաթիվ արհամարհական և հայհոյական անուններ կրող ստրուկ լինելուց, բայց այստեղ նա և «սառաֆ» ե, փողատեր, տոկոսներով առևտոր անող, և այս բնագավառի մեջ ստրկատերը կամա ակամա ստիպված ե գլուխ իջեցնել իր ստրուկի առաջ:

«Սառաֆ» նշանակում ե լումայափոխ, յեվրոպական առումով նա համապատասխանում ե «բանկիր» բառին։ Ասել ե, մենք մեր առջև ունենք վաշխառուական կապիտալը, վորից պարտք վերցնողների շարքում հաճախ կանգնում ե և ինքը պետությունը։