Այս էջը հաստատված է

Կ. Պոլիսը, վորպես մայրաքաղաք և առևտրական կենտրոն, սառաֆական մեծ գործառնությունների հրապարակն եր, ուր յերեվան եյին գալիս և՛ հույնը, և՛ հրեան, և՛ յեվրոպացին։ Բայց առանձին հռչակ և անդիմադրելի ույժ ձեռք բերողները հայերն եյին, այնպես վոր սառաֆությունը համարվում եր հատուկ հայական զբաղմունք:

Հայ սառաֆի, սեղանավորի դասական հայրենիքը Ասիական Թյուրքիան եր և մասնավորապես Ակն քաղաքն ու նրա շրջակաները: Այդտեղ, հայրենիքում, նա դեռ զարգացման առաջին աստիճանումն եր - չորպաճի, մանր կեղեքիչ: Ընկնելով մայրաքաղաքի շրջանները, նա մտնում եր կերպարանավորման յերկրորդ աստիճանը - սառաֆ եր սկզբում, իհարկե, փոքր չափերով, բայց հետզհետե նվաճելով հարստության վերելքները։ Յեվրոպացի մի հեղինակ հավատացնում ե, վոր, հայ ամենահարուստ սառաֆի կարողությունը կարելի յե հաշվել մի միլիոն ֆունտ ստերլինգ[1]), վոր անում ե մոտավորապես 10 միլիոն վոսկի րուբլի։ Այս մի խոշոր ույժ ե և յեթե նկատի առնենք, վոր նույն հեղինակի կարծիքով հայ սառաֆների թիվը հասնում եր մոտ 100-ի, այն ժամանակ մենք մի մոտավոր հասկացողություն կկազմենք այն դասակարգային հավաքական ույժի մասին, վոր գործադրում եյին հայ սառաֆները, յեթե նույն իսկ նրանք կանգնած լինեյին անհատական հարստության զանազան աստիճանների վրա:

Փութանք, սակայն ասել, վոր վաշխառուական կապիտալ ամեն տեղ կար, Յեվրոպայում ել, Ասիայում ել, և պակաս չափերով չեր լծորդված հայ խոջայական կապիտալի հետ: Ի՞նչպես եր, վոր առանձնահատուկ, բացառիկ գծեր ընդունում եր այն սառաֆությունը, վոր գործում եր Թուրքիայում։ Պատճառն այն եր, վոր Թյուրքիայում սառաֆը պետական մեխանիզմի շատ կարևոր մասն եր կազմում, առանց վորի չեր կարող պահվել վարչական սիստեմը: Այս սիստեմը կառուցված եր կեղեքման սկզբունքի վրա, իսկ կեղեքման ամենահզոր գործիքը վաշխառուսական կապիտալն եր։

17—րդ դարում Կ. Պոլսի մեջ դեսպանի պաշտոն վարած մի լավատեղյակ անգլիացի պատմում ե, թե Թյուրքիայի բարձր կառավարությունը պետական անհրաժեշտություն ե համարում, վոր հպատակ ազգաբնակությունը մշտապես կեղեքված ու աղքատ

  1. Յ.Գ. Մ. - «Մասնակի պատմություն հայ մեծատուններու», Կ. Պոլիս 1910, յեր. 118.