թևեր եյին, բայց խնդիր եր, թե ինչպես պիտի նրանք տարածվեյին Հայաստանի վրա։
Այս միակողմանիությունն ու անորոշությունը հատկանշական են հայ կղերական դիվանագիտության համար: Առաջին անգամն ե, վոր մենք ունենք մի հայ կաթողիկոսի քաղաքական գրությունը ռուսաց ցարին, մի գրություն, վորի մեջ լուրջ և մյուս կողմի համար չափազանց գնահատելի առաջարկություններ կային: Յեվ, այնուամենայնիվ, այդ մի աղաչական դիմում ե, վողորմություն և գթություն աղերսող մի խնդրագիր: Գանձասարի կաթողիկոսն այդ գրությամբ մտցնում եր իրան, հետևաբար և ամբողջ Հյուսիսային Ղարաբաղն ազատագրական շարժման մեջ, մի բան, վոր չեր աջողվել Որիին: Իսկ Մինաս վարդապետի միջոցով ռուսաց կառավարության բերանացի հաղորդած տեղեկությունների մեջ Յեսային ասում եր, թե յերկու կաթողիկոսական թեմերը (Եջմիածնի և Գանձասարի) կարող են տալ 200 հազար զինված մարդ։ Այս Որիի բանդագուշանքի կրկնությունն եր։ Բայց խնդիրն այս չե, այլ այն, վոր մի այսպիսի պատկառելի ույժ (մանավանդ այն ժամանակների համար) առաջարկելն ել չեր կարողանում գոնե մի քիչ բարձրացնել հայ կղերական դիվանադիտությունը գետնամած, սողուն խնդրողի դիրքից։ Այդ դիրքում նա մնաց միշտ։
Քաղաքական ակնկալություններից ավելի վաղահաս եր այն ոգուտը, վոր ստացան Յեսայի կաթողիկոսն ու Մինաս վարդապետն իրանց տեսակցություններից։ Գանձասարի կաթողիկոսությունը ստանում եր մի նոր թեմ, կազմված Ռուսասատանում ապրող հայությունից և նրա առաջնորդ նշանակվում եր Մինաս վարդապետը, վորին կաթողիկոսը տալիս եր արքեպիսկոպոսության աստիճան։
Ռուսաստան վերադառնալիս Մինաս վարդապետն իմացավ, վոր դեսպան Վոլինսկին դեռ Պարսկասատան չեր գնացել և դեռ գտնվում եր Շամախում: Ուստի, հարկավոր համարելով տեսակցություն ունենալ դեսպանի հետ, նա իր հետ վերցրեց Գանձասարից մի յեպիսկոպոսի և մի աշխարհական նշանավոր մարդու, վորպեսզի նրանց ել ներկայացնե դեսպանին: Այս բանն անելով, վարդապետը մտածում եր, թե թագավորի ներկայացուցչի ընդունելությունը մի լավ ապացույց կլիներ հայերի համար, թե Ռուսաստանը շարունակում ե հայերի պաշտպանը հանդիսանալ և չե մոռացել իր խոստումները։ Բայց Շամախում Վոլինսկին, չնայած վոր հրաման ուներ իր կառավարությունից ամեն աջակցություն