Այս էջը հաստատված է

այժմ վոչ միայն ցար ըստ ժառանգականի, այլև իրան համառուսական կայսր հրատարակած, կասպիական հորիզոններում: Լեռնային Ղարաբաղը նոր հնարավորությունների դեմ առ դեմ կանգում: Յեվ այս հնարավորությունների մեջ տերն ու տնորինողը ուրիշ վոչ վոք չեր, բայց միայն նույն այն խոշոր ույժը, վոր այնքան կարևոր նշանակություն ուներ նորաթուխ կայսրի աչքում-հայ խոջայական կապիտալը:

7.

1719 թվականին Վախթանգ վեցերորդը, դեռ ևս մահմեդական, վերստին ստանում եր իր Քարթալինիայի թագավորությունը և գալով հայրենիք, վերսկսում եր իր յեռանդուն շինարարական աշխատանքը, վորի նշանավոր յերևույթներից մեկն ել այն յեղավ, վոր նա մի ամբողջ նոր դարագլուխ բաց արավ Ղարաբաղի հայության համար:

Ինչպես գիտենք, Վախթանգին վոգևորոգ գլխավոր միտքն եր ոգտագործել Պարսկաստանի անկումը՝ Վրաստանի քաղաքական ազատագրման համար: Հաստատվելով Թիֆլիսում, նա հետևում եր հետզհետե զարգացող անցքերին և իր պատրաստություններն եր տեսնում։ Ինքն ըստ ինքյան հասկանալի յե, վոր այսպիսի մի աշխատանքի հիմքը պիտի կազմեյին բանակցությունները ռուսանց կառավարության հետ: Բայց այս մի նոր ճանապարհ չեր և նրանով գնալ վրաց պետական մարդիկ սովորել եյին վաղուց: Հետաքննականը, նորանշանն այն վերաբերմունքն եր, վոր Վախթանգն անկեղծորեն ընդգրկեց հայերի վերաբերմամր։ նա յեր գրեթե առաջինը վրացի թագակիրներից, վոր ըմբռնեց յերկու վիճակակից, քաղաքական շահերով իրար հետ ամուր կապված ազգերի—հայ և վրացի-միաբան գործակցության ստիպողական անհրաժեշտությունը, վորի տեսակետից անխուսափելի պահանջ եր դառնում հայերին կազմակերպեն իբրև զինվորական ույժ և այսպիսով ստեղծել մի հայ-վրացական միացած բանակ, վոր և գլուխ կբերեր, միացած ույժերով, յերկու ժողովուրդների համար ել ազատություն։

Անվանելով այս տեսակ ըմբռնումը գրեթե առաջին պատմական որինակ, մենք չենք մոռանում վիրա-հայկական բանակի միացման այն փաստը, վոր տեսավ 12-րդ դարը (Թամար թագուհի և Ջաքարյաններ). բայց այն ժամանակ դրությունն այլ եր։ Վրացիները վիճակակից չեյին հայերին, ունեյին ուժեղ պետություն