Այս էջը հաստատված է

Բոլոր իր ձեռնարկած հնարների վրա Պետրոսն ավելացնում եր և դիվանագիտականը։ Ահա մի ժամանակ ինչ եր նա գրում Կ. Պոլիս դեսպան ուղարկված բրիգադիր Ռումյացովին:

«Մեզ մոտ յեկան հայոց պատգամավորները խնդրելու մեր պաշտպանությունը թշնամիներից, իսկ յեթե այդ անկարելի յե, թույլ տալ նրանց գնալ ապրելու Պարսկաստանից մեր նոր ձեռք բերած նահանգներում։ Մենք նրանց պատասխանեցինք թե զորքով ոգնել նրանց չենք կարող՝ Բ. Դրան հետ կնքված դաշնագրի հետևանքով, իսկ գաղթել մեր մերձկասպիական մարզերը թույլատրեցինք և մեր հուսադրական հրովարտակն ուղարկեցինք։ Յեթե թյուրքերը կը սկսեն խոսել մեզ հետ այդ մասին, պատասխանեցեք թե մենք ինքներս հայերին չենք կանչել, այլ նրանք հավատակցության պատճառով խնդրեցին մեզ ընդունել իրանց մեր հովանավորության տակ. մեզ, քրիստոնեյության պատճառով, հայերին, իբրև քրիստոնյաների, մերժել անկարելի յեր, ինչպես և ինքը վեզիրը հաճախ հայտարարում եր, թե հավատակցության պատճառով հովանավորություն խնդրողներին մերժել անկարելի յե. պետք ե միայն նայել վոր հողերը պատկանեն նրան, վորի անունով նշանակված են դաշնագրության մեջ, իսկ ժողովրդներին չպետք ե արգելել, վոր նրանք այս կամ այն կողմն անցնեն, Բ. Դրան համար ավելի ձեռնտու կը լինի, վոր հայերը դուրս գնան, վորովհետև նա այդ դեպքում առանց դիմադրության կը տիրե նրանց հողերին։ Ավելացրու, վոր յեթե Բ. Դուռը կը կամենա դեպի իր կողմը կանչել Պարսկաստանից մեր ձեռք բերած նահանգների մահմեդականներին, այս բանին մենք հակառակ չենք լինի. յեթե գրավոր հուսադրություն պահանջեն, տվեք»[1]):

Այսքան ջանք ու յեռանդ, այսքան փութկոտություն, ստություն, խաբեբայություն ու կեղտ ռուսական մեծ կայսրը հարկադրված եր գործադրել, մտրակված այն հանգամանքից, վոր ավազակաբար հափշտակել եր Գիլանը, մի մեծ հարստություն, վոր այժմ պետք եր շահագործել: Գիլանը տարին 70 հազար փութ մետաքս եր տալիս. ո՞վ պիտի հավաքեր, մեծացներ, շահավաճառության բարձր նյութ դարձներ այդ անհուն հունձը, տալով Ռուսաստանին գրեթե մենավաճառի դիրք համաշխարհային շուկայում:—Համենայն դեպս՝ վոչ ռուսները։ Ուրիշ պատճառ վոր չլիներ, Գիլանի և Մազանդարանի ճահճային ոդը մահաբեր եր նրանց համար և խոսք կար ժողովրդի մեջ, թե միայն Ռաշտում, ռուսական կայազորի մեջ, որեկան 30 մեռնողներ եյին լինում:

Մյուս կողմից ել ավղանների արշավանքը մինջև Սպահան մի խոշոր փլուզում եր առաջացրել վոչ միայն Պարսկաստանի, այլև Առաջավոր Ասիայի տնտեսության մեջ—Նոր Ջուղայի, իբրև հայ խոջայական կապիտալի կենտրոնավայրի վոչնչացում։ Մենք իր տեղում կտեսնենք այդ տնտեսական աղետի հետևանքներն ու նշանակությունը. այստեղ միայն չմոռանանք, վոր Գիլանի և հարևան ծովեզերյա մարզերի մետաքսի տերը հայ խոջան եր, և յերբ

  1. С. Соловьев, г. 18, с. 74.