Այս էջը հաստատված է

ժայռերից և իր հետ տանում խոջայական կապիտալը, Պետրոս–Մեծն այդքան կարգադրություններն անում եր մահվան անկողնում պառկած։

Նա մեռավ յերկու և կես ամիս հետո 1725 թվի հունվարի 28֊ին։

11.

Հունիսի 12-ի դաշնագրությունից հետո Թյուրքիան սկսեց իրագործել իր իրավունքը գրավելով պարսկական այն հողերը վորոնրք նրա բաժինն եյին ընկել Պետրոս Մեծի հետ կատարած հափշտակության միջոցով։ Յերևանի գրավման հետևից Նախիջևանի, Բորչալուի և այլ տեղերի գրավումը. թյուրքական բանակն այժմ կանգնած եր այն գծի վրա վոր կազմում են Գանձակը և Ղարաբաղը մինչև Արաքսի հովիտը, այսինքն նույն այն գիծը, վորի վրա ամրացած եր հայ զինվորությունը: Այս զինված ույժից եր այժմ կախված կամ թույլ տալ, վոր թյուրքական բանակն առանց արգելքի առաջանա մինչև Շամախի և Կասպիական ափերը կամ կանգել նրա այդ ճանապարհի վրա, կտրել առաջխաղացության հնարավորությունը։ Առաջին դեպրում հայ զինվորությունը պիտի ոսմանցիների կողմը լիներ, յերկրորդ դեպքում՝ զենք հաներ նրանց դեմ։ Պետք ե ասել, վոր իրանք ոսմանցիները չեյին ուզում տեսնել հայերին դիմադրողի դիրքում և խաղաղ համաձայնության հետամուտ եյինք ուստի և դիմեցին Եջմիածնի Աստվածատուր Համադանցի կաթողիկոսի միջնորդության: Շատ նշանակալից ե վերջինիս մի նամակը Գանձասարի Յեսայի կաթողիկոսին այս առարկայի վերաբերմամբ։ Նամակի ռուսերեն թարգմանությունն ե միայն մնացել։ Յեվ ահա ինչ եր ասված այդտեղ.

«Կաֆլան-Տիվեսից մինչև Յերևանը նվաճել ե թյուրքաց սուլթանը և չկա այլևս մի դատարկ տեղ այդ յերկիրներում, բոլորը գրավված են և դուք չկարծեք թե նրանք չեն վերցված, հենց ճիշտ վերցված են։ Յեվ յեթե ինձ լսեք, հաճեցեք ուղարկել ձեզնից մի քանի յուղբաշիներ թյուրքաց փաշայի մոտ ընծաներով։ Աստված յերկար կյանք տա թյուրքաց փաշային և սերասկերին, վորովհետև, յեթե մեկը գալիս ե նրանց մոտ և յերկրպագում ե, նրան մահ չե լինում, քանի վոր ով գալիս ե հնազանդությամբ, այս դեպքում նրանցից վոչ թե վորևե վախ չկա, այլ պատիվներ ել են լինում նրանց կողմից, և այդպիսիներին նրանք ավելի լավ դիրք ել են տալիս, քան վոր ունեյին նրանք առաջ: Շտապեցե՛ք, շուտ մարդ ուղարկեցեք նրանց մոտ յերկրպագությամբ, այս ձեզ համար լավ կլինի. շուտ ուղարկեցեք այն պատճառով, վոր թյուրքաց զորք մինչև այժմ ձեզ մոտ չե ուղարկված, իսկ յեթե չգաք և չերկրպագեք և թյուրքաց զորքերն ել ձեզ մոտ գան, այն ժամանակ նրանք ձեզ բոլորիդ կկոտորեն