ռազմական գործողությունների ընդհանուր թշնամու դեմ, այլ և դիմեց Թավրիզում ապրող Շահ-Թահմազին, հպատակություն հայտնեց նրան և իր կատարած քաջագործություններին իբրև իրական ապացուցներ ուղարկեց մի քանի բեռն ոսմանյան կտրած գլուխներ։ Շահը մեծ հաճույքով ընդունեց այդ ընծան և ինքն ել իր կողմից ընծայեց Դավթին ամբողջ Ղափանը, անվանելով նրան իշխան և իշխանաց իշխան այնտեղի հայ և թուրք տիրողների վրա և դնելով նրա հրամանի տակ տեղային բոլոր զորքերը, վորպեսզի նա վտարե ամբողջ Ղափանից ոսմանյան բոլոր զորամասերը։ Դավթի գործերի պատմիչը հավատացնում ե թե Շահ-Թահմազը «ետ բերել նմա զմի խաչվառ յեվ զմի պատուական նժոյգ ձի, յեվ յեվս զիշխանութիւն կարող լինելոյ դրամ հատանել»[1]):
Այս համարյա անկախություն եր, մի քաղաքական մանրանկար դրություն, վորին չեյին հասել Հայաստանի մեջնադարյան թագավորություններն անգամ։ Յեվ վոր ամենից զարմանալին եր, այս խոշոր փաստը, յերազ՝ դարերի համար, կատարվում եր առանց Արևմուտքը և Հյուսիսը աղաչանք֊պաղատանքով ծածկելու, առանց Քրիստոսին անհանգստություն պատճառելու։ Բայց այս ընծան տրվում եր հայ ժողովրդին կարծես հատուկ խրատական խորհրդով։ Դավիթ բեկը վայելում եր իր քաջություններով ձեռք բերած այդ իշխանապետական գրեթե անկախ դիրքը շատ կարճ ժամանակով, գուցե մի քանի ամսով միայն։ Հետևյալ 1728 թվականին նա մեռնում եր, նրա հետ նաև նրա իշխանապետությունը։ Չկար սպարապետը, բայց կային նրա ընդունակ ոգնականները։ Յեվ, այնուամենայնիվ, չմնաց կարողություն պահպանելու և շարունակելու Դավթի նվաճած ժառանգությունը։ Բանից դուրս յեկավ, վոր միայն Դավթի յերկաթե ձեռքը կարող եր խեղդած պահել լեռնցի ժոդովրդի մանր տեղայնական կրքերը և հաճախ հրեշավոր կերպարանք ցուցադրող կենտրոնախույս ձգտումները։
Դավթի մահը բռնկեցրեց այդ բոլոր բացասական հատկությունները։ Դավթին հաջորդած յերկրորդ սպարապետը, քաջամարտիկ Մխիթարը, սպանվում եր յուրայինների ձեռքով ամենաքստմնելի դավաճանությամբ, վորից հետո Ղափանի ամբողջ ազատագրական շարժումը (1722-1730) կորչում եր անհետ, յերբեք չեղածի նման։ Ազատությունն ու անկախությունը բաներ են, վորոնց արժանի պիտի լինի մի ժողովուրդ։ Ահա ինչ եր ասում Դավիթ-բեկի որինակը։
- ↑ Յեր․ 59․