Այս էջը հաստատված է

Այս գործողությունը, վոր կատարվեց 384–ին, խողխողում եր հայ ժողովրդի քաղաքական ինքնուրույնությունը։ Հայաստանն այնուհետև այլևս չկարողացավ մի քաղաքական ամբողջություն գոյացնել թեկուզ ավատական բովանդակությամբ։

Այս բավական չե ավազակային հափշտակության գործողությունն ըստ արժանույն գնահատելու համար։ Մենք այստեղ գեղեցիկ առիթ ունենք համեմատության դնելու հայ կղերի համար պաշտամունք դարձած արևմտյան պետական քրիստոնեյությունը նույն այդ կղերի ատած և մեծամտաբար արհամարհած հեթանոս Պարսկաստանի քաղաքականության հետ։

Ստանալով Հայաստանի արևմտյան բաժինը, Բյուզանդիան յերկու տարվա մեջ վերջ դրեց նրա առանձին թագավորության և սկսեց արագ և անողոք կերպով ապազգայնացնել այդ յերկիրը, հունացնել։ Մինչդեռ պարսկական բաժին դարձած Արևելյան Հայաստանում հայ Արշակունիները շարունակեցին իրանց թագավորությունը դեռ ելի 40 տարուց ավելի և այդտեղ ել կենտրոնացավ ամբողջ հայ մտավորական և նյութական մշակույթը։

Չնայածք սակայն, այս բացարձակ և ակնբախ իրողության, արտաքին քաղաքականությունն իր ձեռքում պահող հայ հոգեվորականությունը Պարսկական Հայաստանից, մորթված բյուզանդական Հայաստանի վրայով, սիրավառ աղաչավորությամբ իր զույգ աչքերը հառած եր Բոսֆորի ափերի վրա, համարում եր այնտեղի քրիստոնյա կառավարությունն իր միակ պաշտպանն ու փրկիչը կրոնակցության որենքով։

Վերևում մենք տեսանք Սահակ կաթողիկոսի հոգեկան տագնապը արու զավակ չունենալու հետևանքով։ Այդ Վշտի մեջ նրա համար մխիթարություն եր այն, վոր իր առանձին խնամքի տակ եր պահում իր ավագ թոռն Վարդան Մամիկոնյանին, վորի իշխանապետական պատիվը բարձրացնելու համար հատուկ ուղևորություն կատարեց Միջագետք, Սասանյան Տիզբոն մայրաքաղաքը: Այդ Վարդանն իր հռչակավոր պապի միջնորդություններով, բայց մանավանդ ժառանգություն տված հողային ահագին հարստություններով հայ ավանդական ազնվականության առաջին շարքն եր մտնում, մարմնացնելով իր մորապապերի և իր սեփական հայրենի տոհմի ավանդները, այսինքն` հունամոլ կղերական քաղաքականությունը: Մամիկոնյանների այնքան ուժեղացումն ու բարձրացումը բնական հակառակություններ ու կուսակցական ընդդիմամարտություններ եյին առաջացնում ավատական կալվածատիրության մեջ, վորոնք, ինչպես այս ամենուրեք ե տեղի