Այս էջը հաստատված է

ԳԼՈԻԽ ԱՌԱՋԻՆ

ԽՈՋԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՎՈՍԿԵԴԱՐԸ

1.

Մեր նախընթաց դրվագի մեջ տեսանք յեվրոպական կապիտալը, վոր ինքն իր վոտով յեկավ մտավ Հայաստանի քաղաքական և տնտեսական սրտի մեջ՝ Արարատյան յերկիրը, և նրա թողած մեծ ազդեցությունն այդ աշխարհի վրա։ Տեսանք նույնպես, վոր չորրորդ դարի ավատական հեղաշրջումը վերջ դրեց յեվրոպական կապիտալ հիմնադրած տնտեսական կարգին և այնուհետեվ ամբողջ երկիրը ավատական տնտեսակարգի իշխանության տակ եր գտնվում մոտ ինն դար։

Բայց այդ ամբողջ ժամանակ նույն այդ տնտեսակարգի տերը հանդիսացող դասը, նախարարությունը, ուժի և ազդեցության միանման աստիճանի վրա կանգնած չմնաց։ Քաղաքական փոթորիկների, վորոնք այդ ժամանակամիջոցում այնքան հաճախակի խտանում եյին Հայաստանի վրա, ամենից շատ ներգործում եյին նախարարական դասի վրա՝ նոսրացնելով նրա շարքերը։ Զինվորական հոժարական կամ բռնադատված արտագաղթերը շարունակ բյուզանդական կայսրության այլ և այլ կողմերը և մասնավորապես Կ. Պոլիս եյին տանում նախարարական ամրողջ տներ՝ իրանց տոհմային զորագնդերով՝ փառք և հարստություն վորոնելու համար։ Սաստիկ նոսրացնում եր նախարարական շարքերը նաև արաբական տիրապետությունը, վոր այդ տեղային ըմբոստ զինվորական ույժը թուլացնելու համար կանգ չեր առնում նաև մասսայական ջարդի առաջ։

Այդ թուացման հետ զուգընթացաբար կենդանանում եր միջնադարյան առևտուրը։ Դարձյալ կենտրոնը Արարատյան յերկրում եր, վորի մեծ առևտրական շուկան Դվինն եր, կապված մի կողմից