կարգի, սկսած գյուղական մանր փերեզակից, մինչև խոշոր առևտրի ներկայացուցիչները։ Բոլոր աստիճանավորումների վրա յել խոջայությունն ունի իր պատվավոր նշանակությունը, վոր չափվում ե խոջայի գործերի դիրքերով. կային մեծ խոջաներ, կային և փոքրերը։ Փոքրերը մեծերից են կախված և կազմում են մանր, ընդարձակ տարածված խանութպանությունը, վոր վաճառելի ապրանքներ ստանում ե մեծ խոջաներից և այդպիսով կազմում և նրանց գործակատարությունը, ասել ե, նրանց անձնվեր զինվորությունը, նրանց ույժն ու շահը։
Մենք, սակայն, այդ մանր խանութպանությունը չունենք ի նկատի։ Խոջայական կապիտալ-այդ` պարսկական իրականության մեջ կազմված հայ խոշոր առևտրական բուրժուազիան եր, վոր կազմում եր հասարակական առաջնակարգ շարժիչ ույժ ավատական իշխանապետությունից ազատված հայ ժողովրդի մեջ։ Այդ ույժն ել դառնում ե այն առանցքը, վորի շուրջը պտտում ե հայոց ամբողջ պատմությունը 16—րդ, 17-րդ, 18–րդ և 19-րդ դարերի ընթացքում։
Այսքան ահագին դեր Խոջայական կապիտալը չեր կարող կատարել, անշարժ կառչած մնալով Արաքսի նեղ ձորին։ Իբրև հուժկու շարժիչ նա պիտի անցներ զարգացման աստիճաններ, պիտի յենթարկվեր տարբեր կերպարանափոխումների և ճյուղավորումների, մանավանդ ընկներ տարբեր տնտեսական–մշակույթային միջավայրերի ազդեցության տակ ու այդպես ներգործեր պատմության ընթացքի վրա։
Արաքսի հովտում հայ առևտրական կապիտալը 16-րդ դարում ապրում եր իր նահապետական, առաջին շրջանը, վորի սկզբնավորման ժամանակը գեթ մոտավորապես վորոշելու հնարավորություն մենք, դժբախտաբար, չունենք։ Բայց վոչինչ չի արգելում յենթադրելու, վոր սկզբում Ջուղայի առևտուրը տեղական սահմանափակ առևտուր եր, վոր հետզհետե ընդարձակվեց Պարսկաստանում և սահմանակից յերկիրներում։ 17-րդ դարի յերկրորդ կեսում մենք տեսնում ենք այդ առևտուրը յեվրոպական շուկաներն անցած, վորոնցից մանավանդ Վենետիկն և ջուղայեցի խոջաների սիրած տեղը: 1570 թվին Վենետիկի հանրապետության դեսպանը հասնում եր Ղազվին քաղաքը՝ պարսից Շահին նամակ տալու համար: Ղազվինում նրան ներկայանում եյին ջուղայից յեկած գլխավոր խոջաները և տեղեկություն եյին հարցնում այն ջուղայեցիների մասին, վորոնք ապրանքներ եյին տարել Վենետիկ, և ստանում եյին պատասխան, թե այդ խոջաներին