վոր վերադառնում ե իր հայրենիքը և իր նկարչական գեղեցիկ ձիրքը գործադրելու մի ուրիշ ասպարեզ, իհարկե, չի գտնում, բացի խոջայական ապարանքից։
Պարսկական արվեստն իր արհեստավորական միանման անբնականությամբ յետ եր մնում նույն իսկ պարսիկների աչքում, և Ջուղայի խոջոյական բնակարանը նկարչական զարդարանքի կողմից գերազանցում եր նույն իսկ շահական պալատը։ Այստեղ ել տեղեկություններ մենք ստանում ենք դարձյալ միայն Առաքել Դավրիժեցուց։ Նա ասում ե.
«Եւ եկեալ ( Մինաս վարպետն) ի քաղաքն Ասպահան բնակեցաւ ի տան իւրում, որ էր ի մեջ Ջուղայեցւոց. և գործէր զարուեստն իւր զպատկերահանութեան։ Եւ վասն կարի առավել վայելչակերտ գեղեցկատիպ չքնաղատես յորինուածոյ արուեստին, մեծամեծք Ջուղայեցւոց տանէին ի ծաղկել և ի պատկերագրել զյարկս ապարանից և տանս իւրեանց. այսպես և խոջայ Նազարի որդի խոջայ Սարֆրազն տարեալ ի տուն իւր առ ի զարդարել զտպարանս իւր ծաղկօք պատկերօք»[1]։
Շահ Սեֆին, գնացած լինելով Սարֆրազի տունը, ծանոթանում ե այդ զարմանալի արվեստին և արվեստագործին, և այնու հետև ե միայն, վոր Մինաս վարպետի վրձինը, հայ խոջաների բնակարանները շքեղազարդելուց հետո, գնում ե նույնն անելու և շահական պալատում։
Կշռադատելով նոր Ջուղայի այդ բոլոր պարագաները նրա հիմնարկության սկզբից մենք կարող ենք, առանց սխալանքի մեջ ընկնելու, ասել, վոր այս վաճառականական գաղութը մի յեզակի յերևույթ եր Արևելքում։ Մեծ հարց եր կարող եր այդ յերևույթը մշտական լինել, և այս հարցը, ինչպես յերևում ե, իրենց չեյին տալիս ջուղայեցիները։ Մեռավ Շահ-Աբբաս մեծը, մեռան և նրա մոտիկ հաջորդները, վորոնք, այսպես թե այնպես, պահպանում եյին Ջուղայի վերաբերմամբ ստեղծված դրությունը։ Բայց վորքան հեռանում եր ժամանակը մեծ բռնակալի և մեծ վաճառականի ստեղծած կարգերից, այնքան մանրանում ե անպետքանում եյին Սեֆեվյան տան Շահերը. պետությունը աղքատանում եր, ստեղծելով Ջուղան պարբերաբար կողոպտելու անհրաժեշտություն, կրոնական ֆանատիկոսությունը դառնում եր պետական ուղղություն, անկարելի դարձնելով խաղաղ կենակցությունը Սպահանի և նրա արվարձանի մեջ։ Ջուղան աստիճանաբար ընկնում եր։
Բայց նա արդեն կատարել եր իր չափազանց խոշոր դերը,
- ↑ Յեր. 410