Այս էջը հաստատված է

— Աղջի՛, դե՜ բոլա՛, ինչքան թուք ու մուր տվիր, թող մի տենամ էշս ոնց ա, մի շաբաթ ա երեսը տեսել չեմ,— ասաց Կիկոսն ու մտավ գոմը, իշից կարոտն առնելու...

XIV

Ամառվա սկիզբն էր։ Դաշտերում տեղ-տեղ խոտ էին հնձում, որ մի կերպ գոնե եղած խոտն ազատեն արևի ալավներից, որոնք անխնա այրում էին, խորովում, կանաչ խոտը ոտի վրա չորացնում։ Գարունը ցամաքային էր անցել, իսկ ամառն էլ խիստ շոգերով էր սկսվել, սպասվում էր մեծ երաշտ, որը սպառնում էր ոչնչացնել գյուղի արտերը։ Չափազանց շոգից գերանդին խոտ էլ չէր կտրում, գյուղացիք աշխատում էին խոտը հնձել առավոտվա ցողի հետ կամ լուսնյակի լուսով։

Արտերը, որոնք բարձրացել էին մոտ երկու թզաչափ, դեռ հասկ չգցած դեղնին էին տալիս։ Հողը ճաքճքել էր, չորացել և մարդկանց ոտներն էր այրում։ Ամբողջ հույսը մի առատ անձրևն էր, որին սպասելուց գյուղացիք հուսահատվել ու վիզները ծուռ շարունակ դեպի երկինք էին նայում, որի վրա շաբաթներով ամպի կտոր էլ չէր երևում։ Իսկ ջրովի արտ ունեցողները հերթ էին նշանակել, որ կարողանան գոնե մի անգամ ծարաված ու խաշված արտին ջրի կաթիլ հասցնեն։ Ջրի համար տեղի ունեցող կռիվները հաճախակի երևույթ էին դարձել։ Իրարից ջուր էին խլում կամ ջրի կեսը գողանում պարտեզների ու բանջարանոցների համար։ Սնոտիապաշտ պառավներն սկսել էին մի չլսված արշավանք յաչեյկայի դեմ։ Մինչև անգամ գյուղում երևաց վաղուց մոռացված «նուրի-նուրին»[1], որի դեմ կռվել սկսեց

  1. Հին Ժամանակ գյուղերում սովորություն է եղել, որ երաշտի ժամանակ մի շերեփի գլուխ փաթաթել են թաշկինակով, կողքից կապել փայտե ձողիկներ (ձեռներ), հագցրել կարմիր շապիկ, կապել կարմիր գոտի ու դռնեդուռ ման ածել, ձու, յուղ, և այլ մթերքներ հավաքել մատաղ մորթելու համար, որ անձրև գա։ Բաժին տվողը սովորաբար մի ամանով ջուր է ածում «նուրինը» գլխին, որով ուզում է ասել, թե «գլխիդ թող անձրև գա, ջուր թափվի»։ «Նուրին» անձրևաբեր է։ Սրա հակառակը կա և «Ճոլին», որն «արևաբեր» է։