Այս էջը հաստատված է

կոմերիտմիությունը, խլելով «նուրին» և պատառոտելով նրա շորերը։ Սակայն մեկ-մեկ, սարսափելի շոգին, էլի լսվում էր գյուղի այս կամ այն խուլ անկյունում «նուրին» ման ածողների ձայնը։

Նուրի-նուրին եկել ա,
Աջբա հուրին եկել ա՛,
Շիլա շապիկ հագել ա՛,
Կարմիր գոտիկ կապել ա՛։

Ձու բերեք, թաթին դնենք,
Յուղ բերեք, վարսը քսենք,
Մեր նուրինի փայը տվեք,
Ուտենք, խմենք, քեֆ անենք։

«Նուրին», իհարկե, անձրևը չէր բերում, իսկ շրջանային բժիշկը և գյուղատնտեսը հաճախ դասախոսություններ էին կազմակերպում բնական երևույթների մասին և ժողովների մեջ հրահրում այն միտքը, թե անհրաժեշտ է առու անցկացնել մոտակա գետից, որ հանդն ազատվի հետագայում նման երաշտներից»։ Գյուղում մինչև անգամ կազմվեց «արխի ֆոնդ» և մի հանձնաժողով, որ դիմումներ անի կառավարությանը, աջակցելու համար ոռոգման գործին։

Կիկոսը, իհարկե, էս տեսակ բաների չէր խառնվում։ Նա առհասարակ լուռ էր, չէր խոսում, մեկ-մեկ միայն փնթփնթում էր շոգի ու երաշտի վրա, բայց վախենում էր գոնե ծածուկ աղոթք անելուց, որ անձրև գա։ Վայ թե տեսնեին, թե Կիկոսն այսինչ տեղն աղոթք է արել ու պատժեին, թեև ջինդար Սողոմոնը նրան ասել էր, թե ամեն մարդ ազատ, իրեն համար կարող է աղոթք անել, և ոչ ոք նրան էդ բանի համար չի պատժի, բայց էլ ջինդար Սողոմոնի ասածներին հավատա՞լ կլիներ...

Մի իրիկուն էլ, երբ Կիկոսը հանդից տուն դարձավ, Թազագյուլը նրան հայտնեց, թե ինքն ու իր եղբայր Ունանը երկու օր է ինչ հերթով ջրում են Սումբաթովանց Վանո-բեգից վերցրած հողի արտը, թե ՄՈՊՐ-ի բաժինն արդեն ջրել, վերջացրել են, իսկ մնացածի կեսը պետք է ցերեկով ջրվի, կեսը գիշերով, և ավելացրեց, թե Ունանը գիշերով արդեն ջրել է, իսկ առավոտը վաղ Կիկոսը պետք է գնա, որ մնացածը ցերեկով ջրի, վերջացնի, ջուրն ուրիշին տալու համար: