Այս էջը հաստատված է

Կիկոսը միտք արավ, միտք ու կնոջը թե՝

— Էն ա մնացածն էլ էգուց դու ջրի, էլի՜...

— Էգուց շրջանում ժողով կա ՄՈՊՐ-ի ու ՓՈԿ-ի մասին, ես անպատճառ պետք ա գնամ մեր գեղի կողմից,— կտրուկ հայտնեց Թազագյուլը։

— Դե՛, թող Ունանը ջրի, ջանը հու դո՞ւս չի գալ,– առարկեց Կիկոսը։

— Ունանն էգուց խոտ ա հնձելու, նրա խոտը չորանում, փչանում ա... Քու ջանը հո դո՞ւս չի գալ, էդ մի բանն էլ դու արա, էլի՛, էն արտի հացիցը դու ուտիլ չպիտե՞ս...

— Չէ՛, ուտիլ չի պտեմ, էն արտի հացը հարամ ա...

— Ո՞նց թե հարամ ա, ա՛ սևասիրտ, էս երկու տան ումուդն էն մի հատիկ արտն ա, դու ասում ես հարամ ա՞,— զայրացավ Թազագյուլը։

— Էն խալխի տափը խլել եք, վարել, ցանել, թե ինչ ա, կեսը ղարկեք գրանիցա[1], կեսն էլ ով գիդա, թե ինչ անեք, բաս նրա՞նք ինչ պտեն ուտիլ, իսկի վախո՞ւմ եք էն վերի կապիտից[2] ... էն ա, հրեդ ըտհենց բաներ եք անում, է՜, ինչ երկինքը գլխներիդ խռով ա կացել, մի պուտ անձրև էլա կաթում չի... էդ բանի միջին արին կա, ես խառնվողը չեմ, դուք գիդաք։ Ես Խուրշուդ-բեգին խոսք եմ տվել, որ իմ ոտն էն տափը կոխի ոչ,— պնդեց Կիկոսը և համառ դիրք բռնելով ներքևի պռոշը կախեց։

— Ա՛ տղա, հալա հին խելքին ե՞ս, ա՛ քու բերողի արքանը[3] չորացել էր, քեզ ինձ համար մարդ չէր ծնել, ուզո՞ւմ ես, էդ փեյնով լիքը կարկաժդ ղալումը փթացնել տա՞մ... Սումբաթովանց դարդը քեզ են տվե՞լ, հողս նրանց օձ խուզող ու ասեղ մաշկող գլխին կենա. թե մտի՞ցդ ընկել ա, որ մի խան ցորենի պարտքը չորս տարի տալով, տալով կարում չինք թե պրծնենք... Դե, էս ա քեզ ասում եմ, էգուց առավոտ ծեգի հետ, թե գնացել չես էն արտը ջրել, թե քու ձեռն ու ոտը կապել չտամ, օխտն օր օխտը գիշեր սոված, ծարավ, գորում, դառը երեսիդ փակ պահեմ, թող իմ անումը:

  1. Ուզում է ասել՝ արտասահման, ակնարկելով «ՄՈՊՐ»–ին։
  2. Կապույտ, ակնարկում է երկինքը։
  3. Արգանդ։