Առավոտը վաղ, Կիկոսն էշն առաջն արած գնում էր Խաչի տակի արտը ջրելու, թեև մտքումն էնքան էլ համաձայն չէր էդ բանին։ Երբ հասավ Խաչին, ճամփան ծռեց ու հեռվից անցավ, հակառակ իր սովորության, որովհետև նա վաղ ժամանակները միշտ ներս էր մտնում քանդված մատուռը, համբուրում խաչքարերը և աղոթում։ Նա վախեցավ Ունանից, որը կարող էր նկատել և խայտառակել իրեն։
Տեղ հասավ, էշը կապեց ծառիցը, Ունանին ճամփեց տուն, ջրի հոսանքը փոխեց, ապա ետ դառնալով մեջքը ծառին դեմ արավ, հաց ու պանիրը խուրջինից հանեց ու սկսեց նախաճաշել, միտք անելով աշխարհիս անցուդարձի մասին։ Ապա դարձավ մոտը կանգնած իշին, որը հոնքերը կիտած ու ականջները կախ, կարծես ննջելիս լիներ։
— Հե՜յ գիտի հա՛, էշ ջան... էս ծառիցը քանի՜-քանի՜ հրեղեն ձի են կապել Սումբաթովանք, էս իմ նստած տեղն ինչքան քեֆեր են արել Սումբաթովանց բեգերը... Հիմի... հիմի Սումբաթովանց հրեղեն ձիու տեղ Կիկոսի էշն ա կապած, Վանո-բեգի հոր տեղն էլ Թոփալանց Կիկոսն ա նստած, ոնց որ էս մուլքի տերը։ Աստոծը... մեղա՜ աստծու, կա ոչ, մաշել ա, թագավորին սպանել են, բեգերին ու աղալարներին հենց օրն են գցել, որ շունը ձեռներիցը հաց չի ուտիլ... Ա՛յ, էշ ջան, հիմի կհավատամ, որ աշխարհս շուռ ու պարան ա ըլել, քյասիբի լիզուն երկարել։
Կիկոսը զրույցն ընդհատեց, վեր կացավ, ջուրը կրկին փոխեց, ապա դես-դեն մի լավ աչք ածեց, որ համոզվի, թե մարդ հո չկա՞, որ իրեն լսի, ու մոտենալով իշին, աչքերը տրորեց ու շարունակեց իր զրույցը.
— Էշ ջան, բա որ հիմի էլի ամեն բան փոխվի, թագավորի տեղ մի ուրիշ թագավոր թախտին նստի էլ ետ առաջվա պես պրիստավը, քյոխվեն ու աղալարնին գան, մեր բանը ո՞նց կըլի, հը՞... Գլուխս թակիլ չե՞ն, թե ես ոնց եմ ջուռյաթ արե[1] Սումբաթովանց հողը մտե՞լ... Թազագյուլին հու կտոր-կտոր կանեն, էս դիփ նրա սարքած բաներն ա...
- ↑ Համարձակվել։