Այս էջը հաստատված է

Հը՞, էշ ջան, խելքդ ի՞նչ ա կտքում էս բանիցը. ես ինչ ջուղաբ կտամ...

Իսկ էշը միայն պոչն էր շարժում, որ վրա թափվող ճանճերից ազատվի, որովհետև արևն արդեն շիկացած երկաթի պես դաղում էր, իսկ ճանճերը հավաքվելով ստվերի տակ, անխնա կծոտում էին խեղճ հայվանին։

— Հիմի արի, քեզ մի ուրիշ բան էլ ասեմ, էշ ջան։ Էս խաչը որ կա՞, կարկուտի խաչն ա, թե որ տարեկան մի քանի մատաղ չմորթվի սրա տակին, գեղի հանդերը կարկուտը կսրբի, կտանի։ Էս մի տարուց ավել ա, սրա տակին մատաղ չի մորթվել։ Բա որ սա էլ կատաղի ու սաղ արտերը կարկտահար անի, տեղը չի՞ էդ անհավատ անօրեններին... Իսկի գիդա՞ս, թե Սումբաթովանք տարին քանի մատաղ են արել էս խաչի տակի՞ն... հինգը, վեցը։ Նրանք խաչի սիրտն են շահել, խաչն էլ բարեխոս ա ըլել նրանց արտերի համար, լեն ու բոլ ջուր ա տվել, որ ջրեն, կարկուտիցն էլ ազատել ա, թե չէ է՞ս ինչ ա, էս ջո՞ւր ա, կասես մկան ցեթ ըլի, էնքան բարակ ա, հիմի հախը չի՞, որ գնամ մի աղոթք անեմ, մատաղ խոստանամ, բալքի ջրերը վարարեն, կարկուտ էլ գա ոչ...

Կիկոսը մի քանի քայլ արավ դեպի խաչը, բայց մեկ էլ մտածելով, թե կարող է տեսնող լինի, ետ դարձավ ծառի տակը։ Դեսից-դենից քիչ խոտ հավաքեց, վառեց իշիցը մոտիկ, որ ծուխ անի, ճանճերին քշի ու ինքը երկար ու մեկ ձգվեց ստվերի տակ։

Շատ էր քնել, թե քիչ, մին էլ հանկարծ վեր թռավ տեղից սարսափահար ու մոտենալով իշին, պատմեց տեսած երազը։

— Էշ ջան, երազումս տեսա, թե ոնց էս մեր կողքի խաչը, մի մեծ ու սիպտակ մորուքով մարդ, եկավ գլխավերևս կանգնեց ու պինդ ձենով վրես բղավեց. «Կողքովս անց կենալիս խի՞ ինձ բարի լուս չասեցիր, դե՜ հրես տես քեզ ինչ եմ անում...»։ Ու ղամշին քաշեց, թե գլխիս վրա բերի, վեր թռա... Հմի ի՞նչ ես ասում, էշ ջան, գնամ ոչ սրբի ոտներն ընկնեմ ու քարերը լիզեմ հը՞... հու տե՞նող չկա...

Կիկոսը տարակուսեց, ապա իրեն-իրեն մռթմռթալով, շարժվեց դեպի արխը. «Կաց, հալա մի ջուրը փոխեմ, ետով