Այս էջը հաստատված է

պաշտած գլուխ, յարաբ իմ պատիվը հասկանո՞ւմ ես, թե ոնց եմ քեզ լավ պահում... Էսքան թագավոր թախտից ընկավ, աստծու տունուտեղը խլեցին, գեղի մեծամեծներից ու բեգերից տուն ու հողեր խլեցին, քյասիբների վրա փայ արին, էսքան կռիվ, մարդասպանութին ելավ, իսկի քեզ դիպչող ելա՞վ, մինը քեզ ձեռ տվու՞ց... Գլուխ... տենում ե՞ս քեզ ոնց եմ պահում... էսքան տարի ա, մինը քեզ թակած կա՞, էսքան տարի, ա, մինը քեզ ուշունց տված, բեդամաղ արած կա՞ իսկի։ Ձմեռն էս փափախն եմ դնում վրեդ, որ տաք կենաս, մրսես ոչ, ամառն էլ մազերդ ածիլում եմ, որ հով–հով ապրես։ Քեզ էլ... մի օր ըլել ա՞, որ ուսերիցս քաշ պահեմ, ուր որ ասել ես, գնացել եմ, ես նեղ-նեղ տեղեր եմ ընկել, քարերի ու փետերի վրա եմ քնել, համա քեզ համար ամեն անգամ մի փափուկ բան եմ գտել, որ վրեն դինջանաս։ Պատահել ա, ես սաղ տարին ջրի երես չեմ տեսել, համա ամեն օր քու երեսը լվացել եմ, թամզել, սիրունացրել... տեսա՞ր, թե Խուրշուդ-բեգը ձիավորված, ոնց էր ուզում քեզ թակի, համա քեզ ծառը հանեցի, որ ձեռը հասնի ոչ... Տեսա՞ր, որ քարը շպրտեց, ոնց փախա՜, թե քեզ ազատեմ... որ դիպել էր, ի՞նչ կըլեր քու ճարը... Գլուխ ջան, աշխարհս փոխվել ա, շուռ ա եկել։ Առաջ ինչ բանի որ ղուլլուղ ենք արել ու հավատացել, պաշտել, հիմի պետք ա ուրանանք, ասենք՝ դիփ սուտ են ելել։ Քու խելքը չի կտրում, թե դա ինչ բան ա, համա ես շատ լավ եմ գիդում։ Ասում են ուրացի, դու էլ ուրացի, ասում են աստուծն ա սատանեքը սուտ են, ասա սուտ են, թե ասեն մածունը սև ա, ասա սև ա... Գլուխ, ա′յ, ըսենց անելով քեզ պահել, պահպանել եմ, հասցրել էս օրին, որ հիմի էլ մարդ չեն թակում, հիմի արխեին կաց, գլուխ ջան, համա ղադրս իմացի, պատիվս պահի...

Կիկոսն էսպես իր գլխի գովքն էր անում, երբ աննկատելիորեն մթնեց, ու Կիկոսը մնաց ծառի ծերին։ Նա ուշքի գալով իրեն հարց տվեց.

— Էս ա մթնեց, բա հիմի ես ի՞նչ անեմ, վայ թե ծառիցը վեր գամ, Խուրշուդ–բեգն ըստեղեք ըլի, գլուխս թակի, էս պահած, պաշտած գլուխս։ Ա՜խ, Թազագյո′ւլ, Թազագյո′ւլ, էս ինչ կրակի մեջ գցեցիր ինձ հա՜, ա′ քոռ Թևանի աղջիկ Թազագյուլ...