Այս էջը հաստատված է

նստած, Անտոնը զարմանալի ծրագրեր էր կազմում գյուղի կուլակներին կործանելու մասին, հաճախ «ա՜խ» քաշելով, որ ինքը մենակ է, և որ դժվար թե գյուղում գտնվեն մարդիկ, որոնք հետևեն իր խորհուրդներին և դիմեն դմբուզակռվի։

III

Շատ ժամանակ չէր անցել էն օրից, երբ պարկը շալակած միևնույն գյուղացիներից մեկը եկավ Անտոնի ջաղացը և դես «բարի լուս»–ը բերնումը՝ հայտնեց.

— Անտոն բիձա, հոգիդ սուրբ էր, դմբազակռիվը գեղն ա ընկել։ Ասում են մեծ Ռուսեթը բաժան-բաժան ա ըլել, երկրի ամեն մի բուրջում թազա թագավորութին ա ստեղծվել։ Բեգերը, գեներալներն ու նրանց պես մարդիկ ուզում են իրանք իշխեն, կռիվն էլ շարունակվում ա։ Աշխարհս հենց ա խառնուփնթոր դառել, որ չեմ իմանում ով ա տերը։ Մեր գեղն ինչ մեր գեղն ա, իր քյասիբ հալովը, աղալարների ճանկն ա ընկել։ Ժողով են արել թե գեղի կառավարիչ ջոկեն, քյսաիբներին խռկել են ու իրանց ձեռը հավաքել էդ քու Սոլոմոնը, Գրիշա բեգն ու տերտերի տղեն։

— Դե′, էլ ի՞նչ դմբուզակռիվ,— պատասխանեց Անտոնը, — ասա էլ էդ էն հին ջուրն ա, էն հին ջաղացը, հակառակ խոսող մարդ կա՞...

— Մի երկու հոգի ձեն հանեցին, համա հրեն բռնել ղալա են ղրկել, էլ էդ բանը տեսնողը կարա ծպտուն հանի՞... էրնակ քեզ, որ էս ջաղացումը նստած ո′չ խերի ես խառնվում, ո′չ շառի։

— Բան չկա, թող ղալա քաշեն, էսքան տարի ա ես ղալա եմ քաշում ես ջաղացումը, թող մի քիչ էլ նրանք էդ բանի համը տենան, բալքի խելքները տեղը գա ու զոռբա մարդկանց զեհին դիպչեն ոչ։ Դու էն ասա էլ ինչ նոր բան գիտես։

— Ըսկի′ ։ Նոր բանն էն ա, որ հայի, թուրքի ու վրացու սահմանը փակվել ա, էլ առաջվա պես կարալ չենք ազատ ու համարձակ յա Թիֆլիս գնանք, յա Բաքու, հիմի էդ տեղերում նոր թագավորութին ա ստեղծվել, սահմանին փակել են, ճամփեքը կտրել․ մնացել ենք չափարի մեջ, բանից էլ հենց ա երկում, որ կռիվ ա ընկնելու էս երեք թագավորութենի մեջ, ըսենց խոսք ու զրից կա։