Այս էջը հաստատված է

Այս զարզանդ գիշերն Անտոնը մենմենակ էր ջաղացում։ Նա հազիվ մի քանի փայտ էր հավաքել ցերեկով, կրակ արել կիսաքանդ բուխարում և շուտ-շուտ փչում էր, որ մխացող թաց փայտը վառվի։ Ճիշտ է, նա մենակության սովոր էր, բայց այժմ նրա սիրտն ավելի էր ճմլվում, հոգին խռովում, որովհետև տարվա այդ միջոցին՝ աշնան վերջին ու ձմեռնամուտին նա երբեք մենակ չի եղել։ Տարվա այդ ժամանակը ջաղացի ամենաեռուզեռի ժամանակն է։ Եթե մինչև անգամ մոտակա հայ գյուղերից աղուն բերող չի գտնվել, հեռավոր թուրք գյուղերի աղունի սայլերին հերթ ու տեղ չի ճարվել, էնքան շատ է եղել նրանց թիվը։ Իսկ հիմի... Հիմի կռիվներ կան հայ ու թուրքի մեջ, ճանապարհները փակվել են, իրար այգի են կրակի տալիս, տուն քանդում, ո՞վ է գլխից ձեռք վերցրել, որ անցնի մյուսի սահմանը...

Այսպես մտքերի մեջ խորասուզված՝ Անտոնի ծանրացած գլուխն իջել էր մինչև գոգը, տարօրինակ երազներ հյուսելով, երբ հանկարծ մի թրխկոց լսվեց։ Վեր թռավ Անտոնը, աչքերը տրորեց ու ականջը սրեց։ «Ո՞վ կարող էր էս խավար ու ղիամաթ գիշերին ջաղաց գնալ»,— միտք արավ նա։

Դռան թրխկոցի ձայնը կրկնվեց մի տեսակ երկյուղած ու անվստահ։

«Չլինի՞ թե գողեր են»,— անցավ Անտոնի մտքով։ Ու մեկ-մեկ սկսեց թվել իր զիտեցած պատմությունները ջաղաց թալանող գողերի մասին, երբ նրա մտածմունքներն ընդհատեց թրխկոցը, որին կցվեց կարծես ծանոթ տղամարդու մի ձայն։

Անտոնի սիրտը բաբախեց ուժգնորեն։ Նա ինքնապաշտպանության նպատակով ձեռքը երկարացրեց դեպի ջաղացի նիգը և շունչն իրեն քաշած սպասեց, որ ձայնը կրկնվի, թերևս կարողանա հիշել ձայնի տիրոջը.

— Անտոն պապ... Ա՜յ, Անտոն պապ, դուռը բաց արա։

Անտոնն ամբողջ մարմնով ցնցվեց ու դողաց։ Ձայնը շատ նման էր իր վաղուց մեռած, պատերազմում սպանված մեծ տղի ձայնին։

«Մեղա՜, մեղա՜... — կապտած շրթունքները հազիվ իրար բերելով շշնջաց Անտոնը,— երազումն եմ, թե՞ չարքերը պատեցին ջաղացս»։