Այս էջը հաստատված է

գնա, ազիզ ջա՛ն, ձենդ էլ ա հորդ նման, դու էլ, այ ես քու շիմշադ բոյիդ մեռնեմ, ա՜յ նամուսով բալա, որ պապիդ սև ու խավար օրը պայծառացրիր... Անունիդ մեռնեմ, բալա՛, գլխումս խելք չի մնացել, այ որդի, մեռել էր պապդ ու քեզ չէր տեսել, ա՜յ, իմ կորած որդի՜... Թո՛ղ մի հերդ աչքը բաց անի, անհետ կորած գերեզմանիցը դուրս գա ու տենա, թե տղեն ի՛նչ ասլանի ճուտ ա դառել, ա՜յ ես նրա անգյուման գերեզմանին մատաղ ըլեմ...

— Պապի ջա՛ն, հերիք ա, հանգստացիր,— արցունքները կոկորդումը հուպ տալով՝ աշխատում էր հանգստացնել իր պապին երիտասարդ Արմենը, բայց անօգուտ։

Անտոնն այնպես աղիողորմ էր արտասվում, այնպես էր գալարվում, փաթաթվում իր թոռանը, որ կարծես կամենում էր ձուլվել նրան, ամփոփվել նրա մեջ։

— Վա՜յ, վա՜յ, բալա ջա՛ն, պապդ աննամուս ա, մի տուն չունի, թե քեզ ղոնաղ պահի, դիփ խլել են, տարել, քանդել...

Ու մին էլ վեր թռավ Անտոնը մոլեգնած, կարծես օձ խայթեց, կամ շիկացած երկաթով դաղեցին.

— Դե՛, վե՛ր կաց, վե՛ր կաց գնանք, Անտոնն էլ մենակ չի, մեջքին սյուն տվող կա, վե՛ր կաց գնանք, ես Սոլոմոնի գլուխը կճղեմ, ղուղը կերեմ ու մոխիրը քամուն կտամ, որ հոտն էլ չմնա էս աշխարհի երեսին... Քո հոր կռիվ ղարկողն էլ նա էր։ Ոնց իմ տղի գերեզմանի տեղը հայտնի չի, թող որ էն շունն էլ անգերեզման մնա...

Կանգնել էր Անտոնը բոցավառված աչքերով, նիգը ձեռին բռնած ու դողում էր ամբողջ մարմնով՝ կարծես հովազ լիներ կամ վագր, պատրաստ հարձակման դիմելու։

— Վե՛ր կաց, դատաստանի ժամն ա էս գիշեր...

— Նստի՛ր, պապի, նստի՛ր, հանգստացիր, դատաստանն էլ կանենք. բայց մի քիչ համբերիր։ Ոչ ոք չպետք է իմանա, թե այս գիշեր մենք եկել ենք քեզ մոտ։ Ոչ ոք չպետք է իմանա, թե ես, քու թոռը երևացել եմ էս կողմերում, մեր գործը շատ մեծ է, բայց շատ էլ գաղտնի։ Էս ջաղացը մեր գաղտնի հավաքատեղին ու զինապահեստը կլինի։ Շուտով, շատ շուտով դու կտեսնես, թե ինչպես ենք վերացնում Աոլոմոններին ու նրա պետերին, միայն թե ոչ ոք չպետք է իմանա, թե էս ջաղացում որևէ բան է կատարվում։ Մենք շուտով գնալու