Այս էջը հաստատված է

— Տնաշեն, էս քսան տարուց ավելի ա ուրիշների համար եմ ջաղացպանութին անում, որ մի օր էլ ինձ համար անեմ, դադաղա ա...

— Չէ՛, բան չեմ ասում, Անտոն բիձա, քեֆիդ դիպչի ոչ, մենակ թե զարմանում եմ, որ էն ավազակի տղա ավազակը քեզ մոտ ցորենի հատիկ ա թողել, թե չէ... Հալբաթ որ իրավունք ունես...

Չարչի Ներսեսը խոսքը կարճելով՝ աղունը հանձնեց Անտոնին ու ինքը ձին քշեց Անտոնին պատվիրելով.

— Անտոն բիձա, քե մատաղ, աղունս լավ աղա ու մի կրկենի էլ թխի, որ հետս տուն տանեմ, քու թխած կրկենին շատ համով ա ըլում։

— Աչքիս վրա, Ներսես ջան, համա ետ գալիս հետդ մի քիչ չայ, շաքար բեր ինձ համար, քիչ մրսած եմ, խմեմ, բալքի քրտնեմ լավանամ։

Չարչի Ներսեսն արդեն հեռացել էր։ Անտոնը նրա աղունը ներս առավ, իրեն-իրեն մտածելով․ «էս աղվեսի թոռը կտա բանս խարաբ կանի, սրա հետ պետք ա օխտն Եզապոսի խելք ու լեզու ունենա մարդ»։

Անտոնը շուտով բաց արավ բուխարու թեժ կրակը, կրկենու համար լավ հունցած խմորը մեջ գցեց, ծածկեց, չարչի Ներսեսի աղունը տաշտն ածեց ու սկսեց աղալ։ Ապա նրա ալյուրից մի քիչ վերցնելով՝ երկրորդ կրկենին հունցեց ու իրենը կրակից հանելով՝ կրկին թեժ արավ օջախը, որ նորը թխի։

Իր աշխատանքով կլանված, չնկատեց, թե ինչպես անցավ ժամանակը, երբ չարչի Ներսեսը կրկին երևաց։

— Անտոն բիձա, աղունս աղացած, պատրաստ ա, կրկենիս թխել ես...

— Հա, քե մատաղ, հենց կրկենի եմ թխել, որ շահի սուփրի վրա էլ կերած չեն, ալիրդ էլ հրես, էնքան մանր եմ արել, որ ձեռներիցդ կկպչի։ Մենակ քեզ մի բան եմ խնդրում, որ ինձ մի գրվանքա շաքար ու մի քիչ էլ չայ տաս, սաղ ըլեմ մի օր պարտքդ կտամ, արած լավութինդ էլ իր կարգին։

Չարչի Ներսեսին ինչպես երևաց դուր չեկավ Անտոնի առաջարկը, բայց որպեսզի ծածկի իր տարակուսանքը, նա