թուղթը, խառնեց խոտի հետ ու գցեց բուխարու կրակի մեջ։
— Ի՞նչ ես անում, շո՛ւն, էդ ի՞նչ կրակ ա։
— Ա՛յ, անաստված, ուզում ես բա տկլոր փետանամ, էս խոտը կրակի վրա եմ դնում, որ շանսատակ չըլեմ։
Սոլոմոնն անմիջապես մոտ վազեց գոչելով.
— Տո՛, գող շո՛ւն, փողերը կրակը գցեցիր, հա՞...
Ու մտրակը քաշեց, սկսեց ծեծել։
Անտոնն անշարժ կանգնած, մտրակի ամեն մի հարվածից հետո, աղիողորմ կրկնում էր՝ «էս էլ երկու, էս էլ երկու.․.»։
— Ինչ ես փնթփնթում, քավթառ ավազակ,— կատաղած գոռաց Սոլոմոնը դադարեցնելով հարվածելը։
— Ոչինչ, Սոլոմոն, սրանով երկու անգամ ա, դու ինձ թակում ես, նրա հաշիվն եմ անում։
— Հաշի՞վ ես պահում, հա՜, անզգամ քոփակ։ Հալա շորերդ հանի, հաշիվը քեզ ետով կասեմ։
— Իմ շորն էս մի քուրքն ա, էս էլ առ, աչքդ կոխի, տե՛ս, միջին Մանթաշովի խազնեն պահած կըլեմ։
— Բռները կրակն ածեցիր ու դարդակ քուրքն ես դեմ անում ինձ... Հանի՛, հանի՛։ Թե քեզ իփլիզ տկլոր ձիուս առաջն արած գեղը չտանեմ, թիկունքդ կապույտ լեղակ շինած, թող իմ ետևից Սոլոմոն չկանչեն, սև շուն կանչեն։
Կանգնել էր Անտոնը բոլորովին մերկ, բուխարու կրակի առաջ։ Սոլոմոնը դանակը ձեռին մուշտակի կարերն էր քանդում, երբ հևալով ներս ընկավ մի գյուղացի։ Նա մի րոպե ապշած կանգ առավ այս տարօրինակ տեսարանի առաջ, բայց մտաբերելով իր ասելիքը, դարձավ Սոլոմոնին.
— Խազեին, քեզ շատ վռազ գեղումը կանչում են։
— Ի՞նչ կա։
— Գիտեմ ոչ, մեր գեղից քու ախպոր տղի հարսանիքավորները, որ գնացել են թե էն հարսի գեղիցը հարսին բերեն, ինչքան որ ձիավոր են ելել, մոտ քառասուն հոգի, ախպորդ տղին էլ հետները, դիփին էլ բռնոտել են ու բաց չեն թողնում։
— Ի՛նչ ես սարսաղ—սարսաղ դուս տալի...
— Դե՛, ինչ գիդամ, խազեին, գեղումն էդ են խոսում, ինձ էլ ղարկել են, որ քեզ իմաց անեմ,— ասաց լրաբերը, ձեռները կրակին պահելով։