— Ադա՛, ասում ես նորափեսին ու իր մարդկերանցը բռնոտե՞լ են,— քուրքը թողած, մոտեցավ Սոլոմոնը գյուղացուն։
— Հա՜,— ծոր տվեց լրաբերը։
— Ո՞վ ա բռնել։
— Եսիմ, ասում են դիվանը։
— Որտե՞ղ են բռնել։
— Ա՛յ, էն հարսի գեղումն, էլի՛։
Սոլոմոնը շշմած այս լուրից, դուրս եկավ ջաղացից, ձին հեծավ ու ձիու վրայից կատաղած, մտրակը տմբտմբացնելով Անտոնի կողմը, ասաց լուր բերող գյուղացուն.
— Էդ քավթառին ասա, էս ջաղացիցդ ոտդ դուրս չըդնես, մինչև գալս... Բախտդ քաշեց, էսօր լավ պրծար ձեռիցս, համա դատաստանդ ետով կանեմ,— ու ձիուն ասպանդակեց։
֊ Ա՜յ, եդի գնալդ ըլի, հա՜,– զայրույթից փոթորկվելով ասաց Անտոնը և կարերի կեսը քանդված քուրքը հագավ, որ մերկությունը ծածկի։
Լրաբեր գյուղացին, որին Կուպր էին ասում իր սևության պատճառով, սրա-նրա տանը նոքար, ուրիշի հացին ու ջրին, անտուն-անտեր տղա էր, մոտ 25 տարեկան։ Նրան զինվորական ծառայության էլ չէին տարել, որովհետև «խելքից պակասի» տեղ էին դնում, թեև ոչ մի աննորմալ, անբնական բան չէր նկատվել նրա արարքների մեջ։ Բայց քանի որ շարունակ ամենքի ծաղրի առարկան էր գյուղում, այդ պատճառով էլ գյուղը որոշել էր, որ նա խելքից պակաս է, որովհետև նա՝ այդ Կուպր կոչվող Վարթևան-Թևանը, Թևին, Թևոսը, Վարթոն, Վրթոն, Վարթին ու Թևանտոսը, երբեք չէր բողոքում իր գլխին թափվող մեծի ու փոքրի ծաղրի համար, այլ՝ ընդհակառակը, եթե մինչև անգամ գլխին բամփում էին, նա ձեռները վեր քաշելով պար էր գալի։
— Էս գիղին էլ մի շաշ պե՞տք ա, թե չէ,– ասում էր Կուպրը և ինքն էլ իր կողմից ծաղրում մինչև անգամ գյուղի մեծամեծներին, որից նրանք չէին նեղանում, այլ՝ միայն ծիծաղում էին խելքից պակասի վրա, իսկ Կուպրը գիտեր, թե ինչ է ասում․ ծաղրում էր շատ սուր և հաճախ պարզ ոտանավորի ձևով-հանգերով։