Կուպրը ներս մտավ ջաղաց ու առաջին հարցը, որ տվեց Անտոնին, հետևյալն էր.
— Անտոն բիձա՛, Անտոն բիձա՛, դու էլ ինձ պես ո՛չ տուն ունես, ո՛չ քուն ունես... Մի ասա տենամ, էս ցրտին ի՞նչ էիր տկլորվել, որ տուն մտա, հենց իմացա, թե մեր պապ Ադամն ես, եկել ես, թե Սոլոմոն խազեինի հոգուն չոքես, հոգին հանես, առնես, հանես։
— Է՜հ, Վարթևան ջան, էլ հարցնիլ մի, իմը ծովն ա ընկել, նստի, սոված կըլես, երեկվանից մնացած մի քիչ կրկենու թիքա ունեմ, քեզ տամ կեր ու պատմի, թե էդ ի՞նչ հարսանիքի նաղլը արիր։
— Ա՜յ, ինչ եմ ասել քեզ պես մարդին... Սոված եմ, սով կուլ տամ, ծարավ եմ, ծով կուլ տամ։ Կրկենին տուր ես մանեմ, պատմութինն էլ լավ կանեմ։ Հարսանիքը... տի՛ր-նա՜–նի՜-նի՜... ճամփա ընկավ։
Ու Կուպրն ընդհատելով սկսեց պարի եղանակ դնդնացնել ու պարել, կրկենին ծամելով։
— Ա՛, Կո՛ւպր մեռած, քեզ բան եմ ասում, դու պար ես գալի,— ակամա ծիծաղելով ասաց Անտոնը։
— Բա ի՞նչ անեմ, պապար չանեմ... Գնացին թե հարսին բերեն... Հարսին բերին...
Հոլոլո՜, հոլոլո՜, հոփ ինջա,
Դահրա գցեմ, թո՛փ ինջա,
Ալա քոլի խնձորն ա,
Խնձորը կծեմ, ծուլ անեն,
Զիզի հարսին կուլ անեմ...
— Ա՜յ, մեռնես դու, մեռնես, ա Կուպր մեռած...
— Հազիր քու խազեին Սոլոմոնը մեռնի... Դե՛, լա՛վ, լա՛վ, արի պատմեմ։ Դե՛, հո գիտես, որ էս քու խազեին Սոլոմոնի ախպոր տղին՝ չոփուռ Մադուն, մեր գեղումն աղջիկ չտվին, շատ էր սիրուն, երեսը մկան կրծկրծոտած հացի պես, ինձ են Կուպր ասում, համա նա թամամ արաս էր, մարաս էր, կպրի կարաս էր։ Երեսի կեսն էրած էր, բեղի տեղն էլ ծաղկի կերած էր։
— Ա՛, Կուպր մեռած, ի՞նչ ես գլխիս շաիր դառել, բան պատմի, խոսք հասկանամ, Մադու գլուխն էլ էնտեղ թալլեմ,— ընդհատեց Անտոնը։