Այս էջը հաստատված է

— Ե՛ս էլ թաղեմ, թաղ անեմ, խալխի միջին լաղ անեմ, պատմեմ, պատմեմ, պատ անեմ, քու հովսալեն[1] շատ անեմ։

— Տե՜ր մեղա..

— Մեղա, մեղա, տեր մեղա, էս մեր գեղը շան գեղ ա...

— Ա, ոչ ու փուչ, պատմելո՞ւ ես, չէ...

— Հա՛, բա՜ս, բա էս ի՞նչ բանի եմ, պատմում եմ, էլի... էս չոփուռ Մադու համար գնացել են ու էս մեր կողքի վարդապետանց գեղիցը մի աղջիկ ուզել։ Սաղ գիշերը հարսանիքը մեր գեղումը նստած կերել, խմել, քեֆ են արել ու լիսածեգին ճամփա ընկել դրա հարսնացուի գեղը։ Ձիավորները հարբած, քեֆները քոք, գալիս են հասնում գետի ղրաղի մեծ ճամփին ու մին էլ են տեսնում ճամփովն երկան ու մին փռած թղթեր։ Մի քանի հոգի ձիուց վեր են գալի էս թղթերը հավաքում, ուզում են կարդան, համա գինին գլխումը պար ա գալիս, մարդ ի՞նչ կարա հասկանա, թե ինչ ա գրած մեջը։ Կղկղացնում են, կղկղացնում, ու էս թղթերը իրար մեջ բաժանում, որ պապիրոսի համար պետք ածեն։ Թղթերը շատ են ըլում. հարսանիքավորների կատարն էլ կարմրած, ում որ ճամփին պատահում են, էտ թղթերիցը տալիս են, որ պապիրոս քաշի, իսկ որ մտնում են գեղը, զուռնա—դհոլի ձենը դրմբացնելով, ձին խաղացնելով քշում են, ու ինչքան իրանք են շաղ տալի, երկու էնքան էլ թղթերը հենց—իրանք քամու բերանն ընկած գեղով մին ցրվում են։ Ասում են՝ սաղ գեղի վրովը կասես սպիտակ աղունակներ ըլեին թռչելիս...

Այստեղ Կուպրը խորհրդավոր կերպով ընդհատեց իր պատմությունը։

— Հետո՞,– անհամբերությամբ հարց տվեց Անտոնը, որի աչքերը վառվում էին։

— Հետո՞... Կաց մի պկուս քոքեմ։ Լավ անգաճ կալ, նորափեսին ու նորահարսին դեպի եկեղեցի տանելու, պսակի հավեն են փչում։

Ու Կուպրը մաշված արխալուղի ծոցից հանելով իր պկուն[2], «պսակ գնալու» եղանակը փչեց։ Անտոնը համբերությունը հավաքած լսեց մինչև կեսը և ուզեց ընդհատի, բայց

  1. Համբերություն։
  2. Բարակ եղեգնից (չաթան) շինած երաժշտական գործիք։