Այս էջը հաստատված է

— Ո՞վ պտի նստեցնիլ, ե՛ս, ինքս կընստեմ, ու մոտ եկող հակառակին էլ կդնգստեմ։ Հրե՜ս... տեսնում ես էս ի՞նչ բաներ են. սրանց ամեն մի հատը, մի միլիոն արժե, էս մին, էս երկու, էս երեք, էս չորս, էս էլ հինգ... Հինգ միլիոն։

Այս ասելով Կուպրը գրպանից հանեց բոլշևիկյան հինգ հատ թռուցիկ։ Անտոնը ճանաչելով իր իսկ ցրած թռուցիկները, միամտանալով, հարցրեց.

— Սրանք ի՞նչ բաներ են։

— Էն թղթերիցն էն, էլի՛։

— Ո՞ր թղթերիցը։

— Ա՜յ, էն որ հարսանքավորների մոտ բռնել են։

— Բա որտեղի՞ց են քու ճանկն ընկել։

— Ինձ որ դեսը ղարկեցին, որ գամ Սոլոմոն խազեինին իմաց անեմ, ես առաջ վազ տվի մեծ ճամփեն ու թփերի տակից հավաքեցի էս հինգ հատը, որ տանեմ մի թաքուն տեղ նստեմ ու գիրկապ անելով կարդամ, զորութինն իմանամ։ Ասում են թե էս թղթերից մի հատ է մենակ ընկել Մեխակ վարժապետի ձեռը, ու հենց որ հարսանքավորներին բռնել ա տվել, գեղացիք հենց աթտաղ — մութ տաղ են արել[1], որ ամեն մեկին մի միլիոն էլ տաս՝ չես գտնի։

— Բա դո՞ւ ինչ ես անելու... չի լինի՞ մինն ինձ տաս։

— Լավ մտիկ, տես ինչ եմ անելու... Տարա՜ն—նա՛նի՜—տի՜ր–նի՛–ն՛ի–ն՛ի, տի՜ր—նի —նա՛նի՜...

Թղթերը ծոցը կոխելով, ձեռները վեր բարձրացնելով Կուպրը, և պարի եղանակը զնգզնգացնելով՝ սկսեց պարել, հետզհետե մոտենալով ջաղացի դռանը, ապա մի ոստյունով դուրս ցատկեց ու հայդե...

Անտոնն անակնկալի գալով՝ քիչ շվարեց, բայց հետո ուշքի եկավ ու Կուպրի ետևից կանչեց.

— Ե՛տ արի, ա Կուպր, ետ արի վերջն էլ պատմի...

— Որ դուրս եկա, էլ գալ չեմ, էս թղթերից քեզ տալ չեմ, — պատասխանեց Կուպրը և անհետացավ վրա հասնող խավարի մեջ։

  1. Աթտազ — մութ տաղ անել — անհետացնել, հետքը կորցնել։