— Ծո՛, ի՞նչ կնեիր հոս, իշու ձագ... առա՛ջ անցիր։
Կիկոսը շարժվեց տեղից, մոտեցավ իշին, որ քշի դեպի դիրքերը, երբ «խումբերից» մեկը նրա առաջը կտրեց ու պատվիրեց, որ դեպի ետ, գյուղը դառնա, կատաղած հայհոյելով նրան.
— Ծո, ու՞ր կերթաս, հայվան օղլու հայվան...
Կիկոսը գլխի ընկնելով, որ «խումբերը» չեն թողնում նրան դիրքերը գնալու, լեզուն հազիվ շարժելով ասաց.
— Խմբապետ աղեն հրամայել ա, որ կռիվ գնամ, ես էլ գնամ եմ...
Ձիավորները քրքջացին։
— Վայ խայերուս գլխուն, որ ձեզի պես էշերը պիտի պաշտպանեն ազգը... — գլուխը շարժելով ասաց նրանցից մեկն ու կարգադրեց, որ Կիկոսին իր իշով առաջ անեն դեպի գյուղ:
Բայց դեռ հազիվ մի տասը քայլ էին արել, երբ նրանցից մեկը նկատեց, որ ճամփի կողքին ընկած մեծ քարի տակ մի մարդ է շարժվում, հրացանը ձեռին փորսող տալով:
— Տղե՛րք, թշնամին դիրք է մտել,— գոռաց Կիկոսի վրա խանչալ հանողը, ու Կիկոսին թողնելով իր իշի հետ ճամփի մեջտեղը կանգնած, նրանք ցած թռան ձիերից ու շրջապատելով քարը, իրենք ևս դիրք մտան։ Ապա նրանցից մեկը, ենթադրելով, թե քարի տակ պահվածը թուրք է, թուրքերեն գոռաց.
― Քի՛մ սյան, թիվանգյընի վեր, չըխ դիշերի[1]։
Ծվծվան Ալեքը բան չհասկացավ. նախ, որ նա թուրքերեն լավ չգիտեր, երկրորդ՝ խոսողի թուրքերենն էլ նման չէր իր գիտեցածին։ Խոսողն օսմանլվի լեզվով էր կանչում։
«Խումբերը», տեսնելով՝ «թշնամին» չի պատասխանում, հրացաններն ուղղեցին դեպի նա և հենց էն է՝ պիտի կրակեին, երբ Ալեքը վախից բարձր ճչաց.
— Կիկոս, քե մատաղ, քոմագ արա, ինձ սպանեցին...
Կիկոսը զարմանքից քար էր կտրել. նա հենց գիտեր, թե Ալեքը մեռած է, ու ստրաժնիկ Սաքին էլ, որ իրեն շառով
- ↑ Ո՞վ ես,հրացանդ տո՛ւր, դուրս եկ: