Այս էջը հաստատված է

մնացել։ Հե՜յ գիդի, հա՛... օրենքն իրեն տեղը, մենք մեր պատվին։ Էն տարին լեսնիչուն[1] մի որսի թուլա բաշխեցի, սաղ քոլն իմ ձեռին էր: Ո՞ր մինն ասեմ...

— Ավետիս ջան, խոսքդ, շաքարով կտրեմ, ախր չասեցիր, թե ի՞նչ ա պատահել, որ ղարավուլ են շինել քեզ, մի էդ ասա պրծի, ետով շատ զրից կանենք հին բաներից,— ընդհատեց Անտոնը։

— Բա չե՞ս իմացել...

— էս ջաղացումը ճգնավորի պես մեն-մենակ փակված, ի՞նչ իմանամ...

— Տնաշեն, քու աղա Սոլոմոնի ախպոր տղի հարսանիքիցը խաբար չունե՞ս...

— Էն շաշ Կուպրն ըստեղ էր, մի քիչ պատմեց, համա բան չհասկացա, ասաց հարսանիքավորներին Մեխակ վարժապետը բռնել ա տվել։

— Մեխակ վարժապետ մի ասել ու ցա՛վ ասա, չո՛ռ ասա, երեկվա գյադեն, որ Ներսիսյան դպրանոցն ավարտեց եկավ էս քոլերումը մի քանի տարի լեսնիկ դառավ, սրա-նրա կացինը խլելով, շտրափ արավ, պրատակոլ գրեց, քյասիբների տունը քանդեց, քիչ մնաց, թե գլուխը թակեն, վեր կացավ կորավ, հիմի էլ ետ եկել ա ու մեր գլխին կոմիտե դառել, դաշնակցության կոմիտե։ Հիմի էդ կոմիտե Մեխակն ա մեր էս սաղ տասնօխտը գեղի տերը։ Հարսանիքավորներին բռնոտել, ծակն ա կոխել։ Ասում ա՝ «դրանք բոլշևիկի թռուցիկ ման ածող են, սուտ հարսանիք են սարքել, որ էդ թռուցիկնին ժողովրդի մեջ ցրեն, խալխի միտքը պղտորեն», որ խալխն էլ վեր կենա ու իրան պես կոմիտեներին ու խմբապետներին քշի։ Այ թե ինչ ա էդ քո Մեխակ վարժապետն ու ինչեր ա անում։

— Բա հիմի հարսանքավորնին ղալո՞ւմն են, էլի։

— Ջհանդամն իրենց գլուխը, թե ղալո՞ւմն են։ Էսօր ղալումն են, էգուց Սոլոմոնը նրանց կազատի, համա որ մեջտեղը մենք ենք կոռ քաշո՜ւմ...

— Ի՞նչ կոռ։

  1. Լեսնիկ — անտառապահ։