Այս էջը հաստատված է

— Ա՛յ, էդ Մեխակ շունը կարգադրել ա, որ էն ճամփի վրա հերթով ղարավուլ կենանք ամեն գիշեր, ու ինչ անցուդարձ անող որ ըլի, բռնենք, տանենք իրեն մոտ։ Բոլշևիկ ա ման գալի, որ բռնի։

— Հա՜,— ծոր տվեց Անտոնը, մտածելով, որ դրությունը բարդանում է, և կարող են Արմենի մոտից եկող մարդուն բռնեն։

— Հա ու ջա՜ն,— նույնպես ծոր տվեց Ավետիսը։— Բոլշևիկի մերը չմեռնի, որ Մեխակի պես հայվանի ձեռն ընկնի։ Նա իրեն բանը լավ գիտի, թե ինչ ա անում։ Ես պետք ա ղարավուլի գլուխ քաշեմ, բոլշևիկն էլ գա ու էս ջաղացումն ասի «արի ինձ բռնի»... Եփեց, էլի՛...

— Բա թե ղարավուլ ես, էդ ո՞նց ա մեծ ճամփումը չես, Ավետիս ջան, վայ թե գան, գլխիդ մի փորձանք բերեն,–կեղծ անհանգստությամբ ասաց Անտոնը։

— Ես քեզ ասացի, թե ես ղարավուլապետ եմ։ Երկու հոգի հրեն ճամփի տակին ու գլխին նստած, ես էլ մրսելուց վախեցա, եկա էս ջաղացը, հրես մի քիչ վախտից կգնամ, տենամ ինչ բանի են, հո չե՞ն քնել։

— Քանի՞ օր ես դու ղարավուլ քաշելու։

— Երկու օր, էս գիշեր մին, էգուց գիշեր էլ երկու, թե որ երկու օրը մի հազար հատ բոլշևիկ չբռնեմ, կոմիտե Մեխակը մորուքս խուզելու ա, հայվանի թոռը հասկանում չի, որ բոլշևիկը երկնքում թռչող էրոպլանդով[1] բերել ա էդ թղթերը շաղ տվել ու ինքը թռել գնացել, եկել ա ինձ ղարավուլ շինել։ Կրակն իրար արա, թող լավ վառվի, գնամ տենամ տղերքն ինչ բանի են, բերեմ մի քիչ տաքանան, մեղք են։

Ավետիսը գնաց, բայց Անտոնը չափազանց անհանգիստ էր։ Արմենի մոտից եկող մարդը գալու էր մյուս օրը երեկոյան, ինչպե՞ս աներ, որ Ավետիսը նրան չտեսներ։ Միգուցե Ավետիսը կեղծում է, մտածեց Անտոնը, սա «հարյուր թալակից փախած աղվես ա», վայ թե ստեր է խոսում, գուցե դիտմամբ է ջաղաց եկել, գուցե Անտոնն էլ է կասկածի տակ, Ավետիսին դիտմամբ նշանակել են, որ ջաղացի վրա հսկի...

  1. Աերոպլան։