Այս էջը հաստատված է

— Քեզ ասում եմ, բանը խարաբ ես անում, Անտոն բիձա, ջաղացիցը որ քեզ դուս անի․․․

— Ի՞նչ կըլի, որ դուս անի, ես ինքս կհեռանամ...

— Կհեռանա՞ս...

— Հա՛, ա՛յ, հենց էս սհաթին կհեռանամ, քու աչքի առաջ, չէ, կթողամ, որ շունը վրես ծիծաղի,— ու Անտոնը քուրքը հագավ, որ դուրս գա ջաղացից։

— Հիմի էտա գնում ես, էլի՛, Անտոն բիձա,— տարակուսած ձայն տվեց ետևից Կուպրը։

— Քո՞ռ ես, աչքդ տեսնո՞ւմ չի...

՚— Բա Արսենի ջուղաբն ո՞վ ա տալու։

— Ի՞նչ Արսեն,— թուքը կուլ տալով, սարսափած կանգ առավ Անտոնը դռան շեմքին, հազիվ արտասանելով բառերը։

— Դե՛, ետ արի, ետ արի աղ ու հացը վեր կալ, դուս արի Սոլոմոն աղի առաջը, թե չէ...

Անտոնը քարացած մնացել էր տեղը մեխված, կարծես մեկը նրա գլխին թոխմախով զարկել էր։ Աչքերը չռել էր, սառել, ականջները թշշում էին։

Հարսանիքը դուրս եկավ դիմացի թմբի ետևից, ձիավորները ձիերը խաղացնելով գոռում-գոչում էին ու հրացան արձակում։

Կուպրը շտապով մի տախտակի վրա դասավորեց գինով լի շշերը, բաժակները, կրկենուց մնացած մի կտոր և մի քիչ էլ աղ դրեց մոտը, ապա մոտեցավ Անտոնին, «մատուցարանը» նրան հանձնեց ու կողքին հրելով ասաց.

— Խելքդ գլուխդ հավաքի, դուրս արի, աղ ու հաց թավազա արա,— ապա ինքը մի թեթև ոստյունով դուրս թռավ ու սկսեց ջաղացի դռանը պարել։

— Կո՛ւպրը, Կո՛ւպրը, ա՜յ ոչ ու փուչ ըլես դու, ա՜յ Կուպր, որտեղ ասես, սխտորի պես դուրս ես պրծնում,— գոչեցին հարսանքավորներից մի քանի հոգի։

— Խլոպուզ ա, խլոպուզ...

Հարսանիքը կանգ առավ ջաղացի դռանը։

— Էս ջաղացը քեզ փեշքեշ, այ իմ նորահարս-թագուհի,— ասաց Սոլոմոնը,— տարին բոլոր ինչքան եկամուտ գա սրանից, քեզ ըլի:

— Շեն կենաս, շե՜ն,— գոչեցին ամենքը։