Այս էջը հաստատված է
***

Հարսանիքն արդեն ծածկվել էր բլրի ետևը, բայց Կուպրը դեռ շարունակում էր պարել, իսկ Անտոնը կանգնած էր արձանի պես, շվարած, «մատուցարան» ֊տախտակը ձեռին բռնած, որի վրա դատարկ շշերն ու բաժակներն էին դարսած։ Նա այնպես էր գլուխը կորցրել կատարված բոլոր անցուդարձից, մանավանդ Կուպրի ասածից, որ չէր իմանում ինչ ասի Կուպրին, ինչպես իմանա նրա ասածի իմաստը։ Որտեղի՞ց կարող էր Կուպրն իմանալ Արսենի մասին, չէ՞ որ դա մի գաղտնիք էր, որ միայն իրեն էր հայտնի։ Անտոնին անհանգստացնում էր մի բան ևս, Կուպրի մոտի թռուցիկները, որի մասին Կուպրն ասել էր, թե գտել է ճանապարհին։ Գուցե խաբում է, գուցե հետևելիս է եղել իրեն, բայց ինչպե՞ս, չէ՞ որ ջաղացում մենակ ինքն է եղել։ Նման մտքերով պաշարված էր Անտոնի ուղեղը, երբ Կուպրը պարը վերջացնելով՝ մոտեցավ նրան.

- Ես պրծա, Անտոն բիձա, պրծա պարս։ Հիմի ինձ տար էդ բոթիլներն ու ստաքաննին, գնամ հարսանիք։

Անտոնը լուռ ու մունջ հպատակվեց նրա կարգադրություններին։ Կուպրը շշերն ու բաժակները գրպանները կոխեց, ապա հավաքած թղթադրամները հանեց իր ծոցից ու դարձավ Անտոնին.

- Ի՞նչ ես դմբրվել, տուն մտի էս փողը կես անենք, սա հալալ աշխատանք ա...

Անտոնն ու Կուպրը մտան ջաղացը։ Կուպրը, թղթադրամները բռի մեջ ամուր բռնած՝ դեմ արավ Անտոնին։

- Ա՛ռ,- ասաց նա,- ա՛ռ, որ չարչի Ներսեսի չայ-շաքարի պարտքը տաս։

- Դո՞ւ որտեղից գիտես, թե ես Ներսեսին չայ-շաքարի փող եմ պարտ,- ավելի շվարած հարցրեց Անտոնը։

- Բա որ երեկ Սոլոմոնը քուրքդ ճղրտում էր, էն ինչի՞ համար էր։ Ներսեսը հենց իմ կշտին պատմեց Սոլոմոնին, որ դու իրենից չայ-շաքար ես առել ու ծիծաղելով ավելացրեց, թե Սոլոմոնը քնած ա ու չի իմանում, որ դու նրա ջաղացը թալանում ես։ Սոլոմոնն էլ նրանից շնորհակալ ելավ, որ Ներսեսը նրա աչքերը բաց ա անում։ Դե՛ ա՛ռ